Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ սակագնային համաձայնագրի ներդրմանը

Եվրոպական խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել սակագնային համաձայնագրի ներդրմանը, որը ձեռք էր բերվել անցյալ տարվա հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է The Guardian-ը։

Բախվելով մինչև հուլիսի 4-ը համաձայնագիրը չընդունելու դեպքում սակագների բարձրացման սպառնալիքին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են փաստաթուղթը՝ դրանում ավելացնելով երկու առանցքային պայման։

Առաջինը՝ «գործողության դադարեցման մասին վերապահումն» է, ըստ որի համաձայնագիրը կկորցնի ուժը 2029 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե չերկարաձգվի։

Երկրորդը՝ «հստակ պայմանների» սահմանումն է պողպատ և ալյումին պարունակող ապրանքների սակագների նվազեցման համար։ Այդ սակագները ներդրել էր Թրամփը՝ ազգային անվտանգության մասին օրենքների հիման վրա, այլ ոչ թե այն սակագնային ռեժիմի շրջանակում, որը նա սահմանել էր անցյալ տարվա ապրիլին՝ «ազատագրման օրվա» քաղաքականության շրջանակում։

Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ը 15%-անոց սակագին է կիրառում ԵՄ արտահանվող ապրանքների մեծ մասի նկատմամբ, մինչդեռ ԵՄ-ն մինչև 0% է նվազեցրել ներմուծման մաքսատուրքերը մի շարք ամերիկյան ապրանքների, որոշ գյուղատնտեսական մթերքների և ծովամթերքի լայն տեսականու համար։

Ակնկալվում է, որ համաձայնագիրը պաշտոնապես կհաստատեն ԵՄ առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում անցկացվելիք հանդիպմանը։

Եվրախորհրդարանի հավանությունը հաջորդել է անցյալ տարվա հուլիսին Շոտլանդիայի Թերնբերի քաղաքում՝ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտում ձեռք բերված նախնական համաձայնությունից գրեթե մեկ տարի անց։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ համաձայնագիրը ներդրվել էր անմիջապես, ԵՄ-ում այն անցել է ստանդարտ ժողովրդավարական ընթացակարգ։

Միաժամանակ, ԵՄ-ի հետ հարաբերությունները վատթարացել էին, երբ ԱՄՆ-ն, հղում անելով ազգային անվտանգության նկատառումներին, սակագներ էր սահմանել պողպատե և ալյումինե բաղադրությամբ արտադրանքի նկատմամբ, ինչը Բրյուսելում բազմիցս քննադատության էր արժանացել։

Ընդունված տեքստի համաձայն՝ Եվրահանձնաժողովը կկարողանա կասեցնել ամերիկյան ապրանքների համար սակագնային արտոնությունները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե ԱՄՆ-ն շարունակի սակագներ կիրառել պողպատի ածանցյալ ապրանքների նկատմամբ։

Հանձնաժողովը պետք է այս հարցի վերաբերյալ զեկույց ներկայացնի մինչև դեկտեմբերի 1-ը։

Մինչև 2029 թվականի հունիսի 30-ը՝ Թրամփի նախագահական ժամկետի ավարտից վեց ամիս անց, Եվրահանձնաժողովը պարտավոր է միաժամանակ գնահատել ամերիկյան ապրանքների (ներառյալ՝ գյուղատնտեսական արտադրանքի և փոքր ու միջին բիզնեսի) զրոյական սակագների ազդեցությունը ԵՄ արդյունաբերության վրա։

Տարվա ընթացքում վավերացման գործընթացը երկու անգամ կասեցրել է Եվրախորհրդարանի միջազգային առևտրի կոմիտեն. նախ՝ հունվարին Թրամփի՝ ավելի բարձր սակագներ սահմանելու սպառնալիքների պատճառով, իսկ այնուհետև՝ Գրենլանդիայի հնարավոր անեքսիայի մասին նրա հայտարարությունների պատճառով։

Թեև ԱՄՆ Գերագույն դատարանն արդեն վճռել է, որ համաձայնագրի հիմքում ընկած 15%-անոց սակագներն ապօրինի են, ԵՄ-ն որոշել է պահպանել պայմանավորվածությունը՝ ձգտելով կայունություն ապահովել բիզնեսի և արդյունաբերության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *