Եվրոպական միությունը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են Brexit-ից հետո հարաբերությունների վերագործարկմանը նվիրված հաջորդ գագաթնաժողովն անցկացնել հուլիսի 22-ին Բրյուսելում, հաղորդում է The Guardian-ը։
Հանդիպման ամսաթիվը մի քանի անգամ հետաձգվել է երիտասարդների շարժունակության ծրագրի շուրջ տարաձայնությունների ֆոնին, որը 30 տարեկանից ցածր քաղաքացիներին պետք է հնարավորություն տա աշխատելու, սովորելու և ճանապարհորդելու միմյանց տարածքներում։
Այս թեմայով բանակցությունները վերջին շաբաթներին հայտնվել են փակուղում, ինչը հանգեցրել է ենթադրությունների, թե գագաթնաժողովը հնարավոր է՝ տեղափոխվի աշուն։
Հուլիսի 22-ի հանդիպման մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի լուսանցքում։ Ըստ նրա՝ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության, կայունության և տնտեսական զարգացման համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր կառավարությունը շարունակում է Եվրոպական միության հետ հարաբերությունների վերականգնման կուրսը և ձգտում է ամրապնդել համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։
Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը կլինի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի առևտրի մասին համաձայնագիրը։ Այն նախատեսում է բյուրոկրատական ընթացակարգերի կրճատում և դեպի ԵՄ երկրներ բրիտանական արտահանման ստուգումների մի մասի չեղարկում՝ փոխարենը բրիտանական ստանդարտները եվրոպական նորմերին համապատասխանեցնելու պայմանով։
Կողմերը նաև շարունակում են բանակցությունները ածխածնի արտանետումների առևտրի եվրոպական համակարգին Մեծ Բրիտանիայի միանալու շուրջ, ինչը հնարավորություն կտա համաձայնեցնելու մեծ ածխածնային հետք ունեցող արտադրանքի կարգավորման կանոնները։
Միևնույն ժամանակ, գլխավոր խոչընդոտը մնում է երիտասարդական փոխանակումների ծրագիրը։ Բրյուսելը պնդում է այն ներառել պայմանավորվածությունների փաթեթում և պահանջում է, մասնավորապես, վերականգնել ԵՄ երկրների ուսանողների համար բրիտանական համալսարաններում ուսման արտոնյալ արժեքը։ Եվրոպական դիվանագետների տվյալներով՝ առանց այս հարցում փոխզիջման հասնելու, գագաթնաժողովի անցկացումն անհնար էր համարվում։
Ի սկզբանե հանդիպումը նախատեսվում էր մայիսին, այնուհետև այն տեղափոխվեց հունիսի վերջ, որից հետո՝ հուլիսի սկիզբ։ Այժմ կողմերը հույս ունեն համաձայնեցնելու մնացած տարաձայնությունները մինչև հուլիսի 22-ի գագաթնաժողովը։