Դաշնային մեղադրանքներ Մինեսոտայում. 15 հոգի կասկածվում են Թրամփի միգրացիոն ռեյդը տապալելու մեջ

ԱՄՆ դաշնային դատախազությունը Մինեսոտայում մեղադրանք է առաջադրել 15 հոգու, որոնք կասկածվում են միգրացիոն ծառայությունների աշխատանքին խոչընդոտելու մեջ՝ միգրացիոն վերահսկողության խստացման ուղղությամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի լայնամասշտաբ գործողության ընթացքում, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես երեքշաբթի անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է Մինեսոտայի օկրուգի դաշնային դատախազ Դենիել Ռոզենը, հետաքննությունը տևել է մի քանի ամիս և վերաբերել է երկու ակտիվիստական խմբերի մասնակիցներին ու կողմնակիցներին, որոնք, մեղադրանքի վարկածով, համակարգել են ձերբակալությունների ու արտաքսումների տապալմանն ուղղված գործողությունները։

Քննության տվյալներով՝ գործով անցնող անձինք մտել են Direct Action Minnesota կոչվող միավորման մեջ և, ինչպես պնդվում է, մասնակցել են ICE միգրացիոն ծառայության աշխատակիցների հետևմանը, դաշնային օբյեկտների աշխատանքի արգելափակմանը, ինչպես նաև ուժայինների տեղաշարժի համար խոչընդոտների ստեղծմանը։

Նրանց մեղսագրվում է դավադրություն՝ դաշնային աշխատակիցների աշխատանքին խոչընդոտելու նպատակով։ Մեղադրյալների մի մասն անցնում է նաև լրացուցիչ հոդվածներով, դրանց թվում՝ միջնահանգային հետապնդում, պետական գույքի վնասում և հարձակում դաշնային գործակալների վրա։

Գործի շրջանակում ձերբակալվել է 12 մարդ, երկուսը դեռ որոնման մեջ են, մյուսը կալանքի տակ է՝ այլ հիմքերով։

Դատախազության վարկածով՝ խմբի գործողությունները ներառել են ICE-ի աշխատակիցներին հետևելը, ծառայողական ավտոմեքենաների ուղղությամբ իրեր նետելը և դաշնային շենքերի մոտ շրջափակումներ կազմակերպելը։ Իշխանությունները պնդում են, որ բողոքի ցանցը համակարգվել է անանուն կապի ուղիներով և արագորեն մոբիլիզացրել մասնակիցներին տեղերում։

Հետաքննությունն իրականացվում է Թրամփի վարչակազմի խստացված միգրացիոն քաղաքականության հետնապատյերում, որի շրջանակում Մինեսոտայում դաշնային գործակալությունների մասնակցությամբ զանգվածային ձերբակալություններով ուղեկցվող խոշոր գործողություն էր անցկացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *