Բոգոտայում երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված ԱՄՆ քաղաքացին ազատ է արձակվել՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու, երբ դատախազությունը հանցագործության ապացույցներ չի հայտնաբերել, հաղորդում է CBS News-ը։
Կոլումբիայի դատախազության տվյալներով՝ ստուգումների ընթացքում պարզվել է, որ «սեռական բռնություն և ֆիզիկական բռնություն չի եղել», ինչպես նաև բացակայում են քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, հաղորդում է կոլումբիական Noticias Caracol պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Տեխասից ԱՄՆ 36-ամյա քաղաքացուն սկզբնապես մեղադրում էին այն բանում, որ նա ենթադրաբար բռնի գործողություններ է կատարել 7-ամյա տղայի նկատմամբ քաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկի բնակելի շենքի պատշգամբում։
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդը երեխայի կողքին է՝ պատշգամբի ճաղավանդակի մոտ։ Տեսագրությունն անող կինը պնդում էր, որ երեխային վտանգ է սպառնում, ինչից հետո շենքի մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել՝ պահանջելով ձերբակալել տղամարդուն։
Բոգոտայի քաղաքապետ Կառլոս Գալանը հայտնել էր տղամարդու ձերբակալության մասին, սակայն ավելի ուշ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել էր, որ, նախնական տվյալներով, մեղադրանքներն, ըստ ամենայնի, չեն համապատասխանում իրականությանը։ Նա միաժամանակ չի բացառել, որ տարածվող վարկածները կարող էին խեղաթյուրվել կամ չափազանցվել սոցցանցերում։
Կոլումբիայի նախագահը նշել է, որ տղամարդը, հավանաբար, երեխային պատշգամբ է դուրս բերել այն պատճառով, որ նա կերակրից խեղդվելիս է եղել։ Այս վարկածները հետագայում քննարկվել են հետաքննության ընթացքում։
Տղամարդու բնակարանում հայտնաբերվել է երեք երեխա, որոնց հանձնել են խնամակալության մարմիններին՝ նրանց պահման պայմանները ստուգելու համար։ Կոլումբիայի ընտանեկան բարեկեցության ինստիտուտի ներկայացուցիչները հայտնել են, որ երեխաները գտնվել են կայուն վիճակում, իսկ նախնական բժշկական և հոգեբանական գնահատումները բռնության նշաններ չեն հայտնաբերել։
Իշխանություններն ընդգծել են, որ քննությունն իրականացվել է օպերատիվ կերպով, և այս պահին սեռական բռնության վարկածը բացառված է։