ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերանայել է ուկրաինական պատերազմի նկատմամբ իր մոտեցումը։ Ինչպես հայտնում են Bloomberg-ի աղբյուրները, այժմ նրա շրջապատում և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների շրջանում ընդհանուր տեսակետ է ձևավորվել, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթանակի հասնել ռազմի դաշտում։ Սա կտրուկ շրջադարձ է Թրամփի նախկին դիրքորոշումից. 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո նա կարծում էր, որ Ուկրաինան «ոչ մի հաղթաթուղթ չունի» և պետք է տարածքային զիջումների գնա։ Այժմ, ինչպես անանունության պայմանով հայտնել է G7-ի ներկայացուցիչներից մեկը, ԱՄՆ-ն և եվրոպական դաշնակիցները համակարծիք են, որ Կիևի դիրքերն ամրապնդվում են։
Այս փոփոխությունն ակնառու է դարձել ֆրանսիական Էվիան քաղաքում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև բանակցություններ է կազմակերպել Թրամփի և Զելենսկու միջև, հայտնել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Զելենսկին Թրամփին է ցույց տվել ռուսական հարվածից վնասված Կիևի Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Ուսպենսկի) տաճարի լուսանկարները, ինչը մեծ տպավորություն է թողել ԱՄՆ նախագահի վրա։
«Ռուսաստանը պետք է գործարքի գնա,— Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը։— Այս ամենն ուղղակի ծիծաղելի է։ Այնպես որ, այո՛, ես կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է»։ Նրա խոսքում այլևս չէին հնչում Զելենսկուն ուղղված կապիտուլյացիայի նախկին պահանջները։ Բացի այդ, ինչպես նշում է Bloomberg-ը, ԱՄԷ-ի առաջնորդի հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ պատրաստ է խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, հատկապես Իրանի հետ պատերազմի ավարտի ֆոնին։ «Մենք կկարողանանք դա անել, որովհետև նավթն արդեն մատակարարվում է»,- ասել է նա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Times Radio»-ին տված հարցազրույցում հռետորաբանության այս փոփոխությունը կապել է ռուսական տնտեսության վատթարացման հետ։ «Ռուսաստանի տնտեսությունը լուրջ հարված է ստացել, և դա Մոսկվայում բոլորովին այլ մթնոլորտ է ստեղծել»,- պարզաբանել է Սթարմերը։ Կանադայի վարչապետ Մարկ Կարնին էլ իր հերթին Զելենսկու հետ հանդիպմանն ասել է. «Այս պատերազմում իրավիճակը փոխվում է, և դա այն ամենի մի մասն է, ինչ մենք քիչ առաջ քննարկում էինք։ Այսօր մենք G7-ում միասնություն ենք տեսնում»։
Bloomberg-ի տեղեկություններով՝ Մակրոնը Զելենսկուն առաջարկել է մնալ Էվիանում մինչև գագաթնաժողովի ավարտը, որպեսզի վերջինս կարողանա ավելի շատ հանդիպումներ ունենալ և շարունակել Թրամփի հետ երկխոսությունը։