Վայրի յագուարը ներխուժել է Կոլումբիայի ազգային համալսարանի շենք և շրջել միջանցքներով. միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է տեղական «Tiempo» թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։
«Կոլումբիայի ազգային համալսարանի Ամազոնիայի մասնաճյուղի տնօրինությունը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել առկա դասերը, երբ համալսարանի միջանցքներում հսկայական յագուար է նկատվել»,- նշում է «Tiempo»-ն։
Հաղորդվում է, որ դեպքի վայր են կանչվել հրշեջները, ոստիկանությունն ու Հարավային Ամազոնիայի տարածաշրջանային կայուն զարգացման ծառայության աշխատակիցները։ Կենդանին իրեն հանգիստ է պահել. յագուարը զբոսնել է շենքի միջանցքներով և ժամանակ առ ժամանակ պառկել և ննջել, մանրամասնում է թերթը։
Լրատվամիջոցը հավելում է, որ հետագա հսկողության համար յագուարին բռնել և տեղափոխել են անասնաբուժական կենտրոն։ Հարավային Ամազոնիայի կայուն զարգացման ծառայության ներկայացուցիչ Սիդալի Օրտեգան հայտնել է, որ կենդանին 118 կիլոգրամ կշռող արու տեսակ է։
Յագուարին որսալու գործողությանը մասնակցած անասնաբույժները ենթադրում են, որ կենդանին մաշկային վարակ ունի։ Նրան կարող են ազատ արձակել առաջիկա օրերին։