Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրների ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրն աճել են՝ դրական դինամիկա արձանագրելով արդեն չորրորդ նստաշրջանն անընդմեջ։
Ներդրողների շրջանում լավատեսությունն ավելացել է այն լուրի ֆոնին, որ ԱՄՆ-ն ու Իրանը ճգնաժամի կարգավորման մեկնարկի վերաբերյալ նախնական հուշագիր են ստորագրել։ Սպասվում է, որ փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին։
Եվրոպական խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփիչ ինդեքսն աճել է 0,25%-ով՝ հասնելով 636 կետի։
Բրիտանական FTSE 100 ցուցանիշն աճել է 0,6%-ով, գերմանական DAX-ը՝ 0,1%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,75%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 1,15%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 0,7%-ով։
Նավթի գները նվազում են, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեղմացումը հնարավորություն կտա վերականգնել Հորմուզի նեղուցով բնականոն նավագնացությունը, որն աշխարհում վառելիքի մատակարարման գլխավոր ու կարևորագույն զարկերակներից մեկն է։
«Եվրոպան շատ գրավիչ կդառնա, քանի որ ցածր տոկոսադրույքներն ու էժանացող նավթը տեղական ընկերություններին ավելի շահութաբեր կդարձնեն», — կարծում է XTB բրոքերային ընկերության հետազոտությունների գծով տնօրեն Քեթլին Բրուքսը։
Երեքշաբթի հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են Գերմանիայում և ամբողջ եվրագոտում գործարար վստահության մակարդակի բարելավման մասին։
Գերմանիայում ներդրողների և վերլուծաբանների տնտեսական սպասումների ինդեքսը առաջիկա վեց ամիսների համար բարձրացել է հունիսին՝ հասնելով 10,5 կետի՝ նախորդ ամսվա մինուս 10,2 կետի համեմատ։ Սա Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր ինդեքսի առաջին դրական ցուցանիշն է։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին աճ ընդամենը մինչև -6 կետ։
Եվրագոտում տնտեսական սպասումների ինդեքսը մայիսի մինուս 9,1 կետից բարձրացել է 9,5 կետի՝ զգալիորեն գերազանցելով կանխատեսումները (որոնք մինուս 7,2 կետի սահմաններում էին)։
Իտալական UniCredit բանկի բաժնետոմսերը թանկացել են 4,2%-ով, իսկ գերմանական Commerzbank-ինը՝ 0,3%-ով։ Գերմանիայի իշխանությունները մերժել են Commerzbank-ը գնելու UniCredit-ի առաջարկը՝ համարելով գինը չափազանց ցածր և հանդես գալով գերմանական ֆինանսական կառույցի անկախության օգտին։
«Allegro»-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են 7,8%-ով՝ «Permira» ներդրումային ընկերության կողմից լեհական այս առցանց հարթակի շուրջ 131 միլիոն բաժնետոմսերի վաճառքի մասին լուրերի ֆոնին։ Ներդրողները դրական են արձագանքել սեփականության կառուցվածքի բարելավմանը, ինչպես նաև ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության գալու մասին լուրին։
DAX ինդեքսի կազմում ներառված ընկերություններից ամենամեծ աճն արձանագրել է արդյունաբերական սարքավորումների արտադրող GEA Group-ը (+5,1%)։ Munich Re վերապահովագրական ընկերության, Deutsche Post փոստային ծառայության և մոլեկուլային ախտորոշման սարքավորումների արտադրող Qiagen-ի բաժնետոմսերն աճել են 1,3%-ով։
Մեծ Բրիտանիայում ամենից շատ թանկացել են Endeavour Mining-ի (+2,9%) և Rolls-Royce-ի (+2,6%) բաժնետոմսերը, իսկ Ֆրանսիայում՝ Publicis Groupe գովազդային ընկերության (+2,6%) և Schneider Electric սարքավորումների արտադրողի (+2,5%) արժեթղթերը։
Միևնույն ժամանակ, STMicroelectronics-ի կապիտալիզացիան նվազել է 4,1%-ով այն բանից հետո, երբ կիսահաղորդիչների եվրոպական խոշորագույն մշակողն ու արտադրողը հայտարարել է 1,5 միլիարդ դոլարի փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման մասին։
Rathbones-ի շուկայական արժեքը գահավիժել է 17%-ով։ Բրիտանական կառավարող ընկերությունը հայտնել է առաջիկա 12 ամիսներին նոր հաճախորդների ընդունումը դադարեցնելու մասին։
BP Plc և Shell նավթագազային ընկերությունների բաժնետոմսերը էժանացել են համապատասխանաբար 0,7%-ով և 0,4%-ով, մինչդեռ նրանց մրցակից TotalEnergies-ի արժեթղթերն աճել են 0,1%-ով։
Ոլորտի մեկ այլ ներկայացուցչի՝ Equinor-ի արժեթղթերի գները նվազել են 0,6%-ով, չնայած այն հանգամանքին, որ նորվեգական ընկերությունը հայտարարել էր 2026 թվականի բաժնետոմսերի հետգնման ծրագիրը կրկնապատկելու և 3 միլիարդ դոլարի հասցնելու մասին։