Հայաստանում մաքսային ստուգումները պետք է մոտարկվեն հարկային ստուգումներին։ Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ ներկայումս մաքսային ստուգումների շրջանակում կիրառվում են փաստաթղթային և արտագնա ստուգումներ։ Ընդ որում, կամերալ ստուգումների դեպքում հստակ ժամկետներ սահմանված չեն, ինչպես նաև բացակայում է ստուգվող սուբյեկտին իրազեկելու վերաբերյալ դրույթը, ինչը հաճախ հանգեցնում է դատական քաշքշուկների և ավելորդ բյուրոկրատիայի։
«Այժմ մենք առաջարկում ենք սահմանել պահանջ, ըստ որի՝ կամերալ ստուգումները կարող են իրականացվել 40 աշխատանքային օրվա ընթացքում, և տնտեսվարող սուբյեկտը պետք է տեղեկացված լինի այդ մասին։ Ընդ որում, կամերալ ստուգումների ժամկետները չեն կարող երկարաձգվել կամ կասեցվել»,- պարզաբանել է Սահակյանը։
Մեկ այլ խնդիր, ինչպես նշել է ՊԵԿ փոխնախագահը, վերաբերում է արտագնա մաքսային ստուգումներին, որոնց իրականացման դեպքում ևս հստակեցված չեն ժամկետները, ինչպես նաև ստուգումը կասեցնելու կամ չեղարկելու պահը։
«Առաջարկվում է սահմանել հստակ հիմքեր, ինչպիսին է, օրինակ, իրավապահ մարմինների կողմից քննության իրականացումը։ Մասնավորապես, առաջարկում ենք հստակեցնել այն դեպքերը, որոնք վերաբերում են փաստաթղթերի ստուգմանը, քննչական մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա դրանց առգրավմանը, մաքսային ստուգման ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերմանն ու համապատասխան հաղորդում ներկայացնելուն, ինչպես նաև մաքսային զննման անցկացմանը»,- ասել է Կառավարության ներկայացուցիչը։