էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. 3 հոգու տեղափոխել են Երևան

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին այսօր՝ հունիսի 17–ին, երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան՝ լրահետազոտման։ Բժիշկների գնահատմամբ՝ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 17-ին, Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

«Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում` երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ։

Վթարի հետևանքով կա 3 տուժած, որոնցից 2–ը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1–ը` «Արմենիա» ԲԿ։

Քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և տուժածների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *