Պենտագոնը Իրանին հարվածներ հասցնելիս օգտագործել է Իլոն Մասկի xAI ընկերության մշակած Grok արհեստական բանականության (ԱԲ) գործիքը։ Այս մասին հայտնում է Wired ամսագիրը՝ հղում անելով ռազմական գերատեսչության թվային տեխնոլոգիաների և ԱԲ հարցերով գլխավոր տնօրեն Քեմերոն Սթենլիի վկայությանը։
Նրա խոսքով՝ Grok-ն արդեն կիրառվում է Maven Smart Systems (MSS) նախագծի շրջանակներում, որն ԱԲ օգնությամբ թիրախավորման ամերիկյան ծրագիր է և սկզբնապես գործում էր Anthropic ընկերության Claude մոդելի հիմքով։ Սթենլին բարձր է գնահատել Մասկի տեխնոլոգիան և «օպերատիվ արդյունավետության զգալի աճը, որը հնարավոր է դարձել Grok կառավարման մոդելի շնորհիվ»։ MSS խելացի համակարգերը «ամերիկյան զորքերին թույլ են տվել «Էպիկական զայրույթ» գործողության ընթացքում 96 ժամում ավելի քան 2 հազար զինամթերք կիրառել 2 հազար տարբեր թիրախների ուղղությամբ»,- նշված է Սթենլիի հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Պենտագոնը թույլատրել է Grok չատբոտի կիրառումն իր գաղտնի համակարգերում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այն օգտագործվում է հետախուզական տեղեկատվության, սպառազինության մշակման և մարտական գործողությունների իրականացման հետ կապված գաղտնի ոլորտներում։ Նախկինում գերատեսչությունն այս համակարգերում թույլատրում էր կիրառել միայն Claude AI մոդելը։ Սակայն 2026 թվականի մարտին ԱՄՆ ռազմական նախարարությունը Anthropic-ին շնորհել է «մատակարարման շղթաների համար սպառնալիքի» կարգավիճակ՝ փաստացիորեն խզելով նրա հետ գործարար կապերը։ Հակամարտության առիթ էր դարձել Պենտագոնի ցանկությունը, ըստո որի Anthropic-ի արհեստական բանականության արտադրանքը կարելի է օգտագործել «բոլոր օրինական նպատակներով»։ Anthropic-ի ղեկավարությունը հրաժարվել էր Պենտագոնին նման հնարավորություններ տրամադրել՝ պահանջելով երկու բացառություն անել. այն չկիրառել երկրի ներսում զանգվածային լրտեսության և մահաբեր ինքնավար սպառազինության համակարգերի ստեղծման համար։