Հայաստանի սոցիալապես անապահով քաղաքացիներին կարգելվի օգտվել առցանց կազինոներից։ Համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունվել են հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում։
Օրենսդրական այս նախաձեռնության հեղինակը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։
Մասնավորապես, առաջարկվում է արգելել այն քաղաքացիների մուտքը, ովքեր պետական որևէ սուբսիդավորում են ստանում (հիփոթեքի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկերի և այլնի գծով), սոցիալական նպաստառուներին, բացառապես թոշակի հույսին ապրող կենսաթոշակառուներին, սնանկության գործընթացում գտնվող անձանց, ինչպես նաև վարկային մեծ բեռ ունեցողներին (նրանց, ովքեր վարկերի մարմանն են ուղղում իրենց տարեկան եկամտի ավելի քան 40%-ը)։
Իսկ այն քաղաքացիների համար, ում արգելված չէ խաղալ առցանց կազինոներում, սահմանվելու է հետևյալ սահմանափակումը. խաղադրույքների վրա կատարվող ծախսերը չպետք է գերազանցեն նրանց տարեկան եկամտի 20%-ը։
Բացի այդ, Հայաստանում գործող բոլոր առցանց խաղային հարթակները (թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա) պարտավոր կլինեն իրենց կայքէջերի տեսանելի վայրում տեղադրել ինքնարգելափակման կոճակ։ Դրա միջոցով խաղամոլությամբ տառապող օգտատերը կկարողանա մեկ հպումով արգելափակել իր հաշիվը ոչ միայն տվյալ կայքում, այլև հանրապետությունում գործող բոլոր մյուս հարթակներում (իսկ այն օտարերկրյա հարթակները, որոնք չեն ենթարկվի Հայաստանի ներպետական օրենսդրության պահանջներին, երկրի տարածքում պարզապես կավելանան արգելափակվածների ցանկին)։
Ըստ Հայկ Սարգսյանի ներկայացրած հիմնավորման՝ 2017-2025 թվականներին Հայաստանի բնակիչների կողմից առցանց կազինոներում կատարված խաղադրույքների ծավալն աճել է ավելի քան 35 անգամ՝ հասնելով 7,41 տրիլիոն դրամի (մոտ 20 միլիարդ դոլար):
Առցանց խաղադրույքների ընդհանուր ծավալը, որպես կանոն, մի քանի անգամ գերազանցում է իրականում ներդրված գումարի չափը, քանի որ նույն գումարով առցանց կազինոյում կարելի է մի քանի անգամ խաղադրույք կատարել։ Այդուհանդերձ, նույնիսկ եթե ենթադրենք, որ իրական գումարի և խաղադրույքների հարաբերակցությունը 1-ը 10-ի է, ապա ստացված գումարը միևնույն է մնում է ահռելի (2 միլիարդ դոլար)։
Ընդ որում, խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունների վճարած հարկերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր եկամուտների ընդամենը 1%-ը։