Ռուսաստանն ու Թուրքիան միշտ փոխընդունելի լուծումներ են գտել ամենատարբեր խնդիրների շուրջ, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ТАСС-ը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը նա հիշեցրել է վերջին տարիների ակտիվ համատեղ աշխատանքի մասին։
«Եվ՛ Ձեր նախկին պաշտոնում (Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար – խմբ. ТАСС), և՛ ներկայիս պաշտոնում Դուք միշտ ակտիվ աշխատանք եք տարել Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով»,- դիմել է ՌԴ ԱԽ քարտուղարը թուրք նախարարին։
Որպես օրինակ Շոյգուն բերել է «Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքը»։
«Այն ժամանակ մենք ավելի հաճախ էինք հանդիպում, և այդ հանդիպումները բացարձակ կիրառական բնույթ էին կրում։ Դժվար ժամանակներ էին, բայց Ռուսաստանն ու Թուրքիան միշտ փոխընդունելի լուծումներ էին գտնում, և ես չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտեինք մեր աշխատանքը՝ լիներ դա Սիրիայի տարածքում լարվածության թուլացման գոտու ստեղծումը, թե պայքարը միջազգային ահաբեկիչների դեմ»,- ընդգծել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Նա միաժամանակ ուշադրություն է դարձրել «Ուկրաինայի հարցով, ուկրաինական նավահանգիստներից թուրքական նավերի վերադարձի, դեպի Թուրքիա պարենամթերքի մատակարարումների կազմակերպման, երկար ժամանակ արգելափակված բեռների ապաշրջափակման ուղղությամբ» համատեղ աշխատանքին։
«Ամենադժվար ժամանակներում մենք միասին աշխատել և համագործակցել ենք»,- համաձայնել է Ֆիդանը։ Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սիրիայում կայունության հասնելու գործում ունեցած մասնակցության համար և վստահեցրել, որ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայի հակամարտությունն ավարտվի։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Կովկասում, Միջին Ասիայում կայունության համար ՌԴ-ի հետ համատեղ ջանքերը մեծ կարևորություն ունեն, իսկ երկկողմ հարաբերություններում շատ կարևոր է լոգիստիկայի թեման և առևտրային հարաբերությունները։
Շոյգուն առաջարկել է քննարկել տվյալ պահին արդիական խնդիրները՝ նշելով, որ «դրանցից մի քանիսը մնում են նույնը, բայց հայտնվել են նաև նոր խնդիրներ՝ քննարկման և համատեղ աշխատանքի համար»։ Բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղարը և թուրք նախարարը միմյանց դիմելիս օգտագործել են «թանկագին ընկեր» արտահայտությունը։