Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրների ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում հիմնականում աճ են գրանցել։ Ներդրողները գնահատում էին վիճակագրական տվյալները՝ սպասելով Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հունիսյան նիստի արդյունքներին։
Շուկաներին լրացուցիչ թափ է հաղորդել այն լուրը, որ ԱՄՆ-ն ու Իրանը հաստատել են ուրբաթ օրը Շվեյցարիայում միջանկյալ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մտադրությունը, ինչը թույլ կտա վերականգնել Մերձավոր Արևելքից ստացվող էներգակիրների մատակարարումները։
Stoxx Europe 600 ինդեքսն աճել է 0,52%-ով՝ հասնելով ռեկորդային՝ 639,31 կետի։ Barclays-ի վերլուծաբանները բարելավել են այս ցուցանիշի առաջիկա 12 ամիսների կանխատեսումը՝ 620 կետից բարձրացնելով մինչև 670 կետի։
Բրիտանական FTSE 100-ն ավելացել է 0,14%-ով, գերմանական DAX-ը՝ 0,10%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 0,31%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 1,35%-ով։ Ֆրանսիական CAC 40-ը, ընդհակառակը, նվազել է 0,20%-ով։
Չորեքշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում սպառողական գները մայիսին տարեկան կտրվածքով աճել են 2,8%-ով։ Այսպիսով, երկրում գնաճը պահպանվել է ապրիլյան մակարդակի վրա, մինչդեռ Trading Economics-ի հարցված վերլուծաբաններն ակնկալել են, որ այն կարագանա մինչև 3%։
Եվրոպական միության վիճակագրական վարչության վերջնական տվյալների համաձայն՝ անցած ամիս եվրագոտում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 3,2%-ով։ Գնաճն արագացել է ապրիլի համեմատ (երբ կազմում էր 3%)՝ հասնելով 2023 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Ցուցանիշի դինամիկան համընկել է ինչպես նախնական գնահատականի, այնպես էլ փորձագետների միջին կանխատեսման հետ։
Ֆրանսիայի կենտրոնական բանկը չորեքշաբթի օրը նվազեցրել է երկրի տնտեսական աճի ընթացիկ տարվա կանխատեսումը՝ նախկինում սպասվող 0,9%-ից հասցնելով 0,5%-ի։ Սրա պատճառը առաջին եռամսյակի թույլ աճն է և Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին էներգակիրների գների թռիչքը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում գնաճի կանխատեսումը 1,7%-ից բարձրացվել է մինչև 2,5%։
Համաշխարհային շուկաների համար առանցքային իրադարձությունը կլինի ԴՊՀ նիստը, որի արդյունքները հայտնի կդառնան Մոսկվայի ժամանակով 21։00-ին։ Սա կլինի կարգավորող մարմնի նոր նախագահ Քևին Ուորշի առաջին նիստը։ Վերլուծաբաններն ու շուկայի մասնակիցները համոզված են, որ Դաշնային պահուստը դաշնային հիմնադրամների տոկոսադրույքը կպահպանվի նույն՝ 3,5-3,75% մակարդակում։
Թրեյդերներն առանձնակի ուշադրությամբ կհետևեն Ուորշի մամուլի ասուլիսին, ինչպես նաև տնտեսության ու տոկոսադրույքի վերաբերյալ նոր կանխատեսումներին։ ԴՊՀ ղեկավարների մարտյան միջնարժեքային կանխատեսումը ենթադրում է, որ 2026 թվականին տոկոսադրույքը կնվազի 25 բազիսային կետով։
Եվրոպական միասնական ինդեքսում ամենակտրուկ անկումը գրանցել են «BMW AG»-ի բաժնետոմսերը՝ գահավիժելով 8,3%-ով։ Գերմանական ավտոարտադրողը նախորդ օրը երեկոյան զգալիորեն վատթարացրել էր 2026 թվականի իր կանխատեսումները՝ մատնանշելով Չինաստանում պահանջարկի շարունակական թուլացումը, ինչպես նաև մերձավորարևելյան հակամարտության՝ սպասվածից ավելի լուրջ բացասական հետևանքները։
Ընկերության նոր կանխատեսման համաձայն՝ այս տարի մեքենաների մատակարարումների ծավալը կլինի «փոքր-ինչ ցածր», քան անցյալ տարի, մինչդեռ նախկինում ակնկալվում էր, որ այն կպահպանվի նախորդ տարվա մակարդակին։ Ավտոմոբիլային հատվածում EBIT մարժայի (գործառնական շահութաբերության) կանխատեսումը նախկինում սպասվող 4-6%-ից նվազեցվել է մինչև 1-3%-ի, իսկ կապիտալի շահութաբերությունը (RoCE)` 6-10%-ից մինչև 1-5%-ի։ «BMW»-ն կանխատեսում է նաև հարկումից հետո տարեկան շահույթի «զգալի» անկում, թեև նախկինում ակնկալում էր «չափավոր» նվազում։
Եվրոպական այլ ավտոարտադրողների արժեթղթերը նույնպես էժանացել են, այդ թվում՝ «Mercedes-Benz»-ինը (4,4%-ով), «Volkswagen»-ինը (3,5%-ով) և «Stellantis»-ինը (3,3%-ով)։ Վերջինիս ղեկավար Անտոնիո Ֆիլոզան չորեքշաբթի օրը Իտալիայի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում երկու պոտենցիալ գործընկերների հետ իր խնդրահարույց «Maserati» լյուքս բրենդի վերաբերյալ և շուտով կկատարի իր ընտրությունը։
Stoxx 600 ինդեքսում աճի առաջատարը դարձել են «Straumann Holding»-ի բաժնետոմսերը, որոնք գրեթե 10,8%-ով թանկացել են այն բանից հետո, երբ ատամնաբուժական իմպլանտներ արտադրող շվեյցարական այս ընկերությունը բարելավել է ընթացիկ տարվա շահութաբերության իր կանխատեսումը։
Օգտագործված մեքենաների վաճառքով զբաղվող գերմանական «Auto1» դիլերը հաստատել է տարեկան կանխատեսումը, որով նախատեսվում է նաև հասույթի ակտիվ աճ, ինչի շնորհիվ ընկերության կապիտալիզացիան ավելացել է 8,4%-ով։
«Barclays»-ի վերլուծաբանները հեռահաղորդակցության ոլորտի «Orange» ընկերության բաժնետոմսերին կրկին շնորհել են «շուկայի մակարդակին համապատասխան» հանձնարարականը։ Այս արժեթղթերն էժանացել են 3,3%-ով։
Ֆրանկֆուրտի բորսայում զգալի աճ են արձանագրել «Commerzbank AG»-ի (+5,2%), «Bayer AG»-ի (+4,8%), «Heidelberg Materials AG»-ի (+4,1%) և «Siemens Energy AG»-ի (+3,6%) բաժնետոմսերը։
Փարիզում «Schneider Electric»-ի արժեթղթերի գինն աճել է 2,1%-ով, «Legrand»-ինը՝ 4,5%-ով։ Փոխարենը՝ «EssilorLuхottica»-ի կապիտալիզացիան նվազել է 4,8%-ով, իսկ «ArcelorMittal»-ինը՝ 2,4%-ով։