Արարատի մարզը նոր տրանսպորտային համակարգ ունի. օգոստոսի կեսերից նոր օպերատորը կսկսի սպասարկել մարզի միասնական երթուղային ցանցը՝ նոր ավտոբուսներով, թվային լուծումներով։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Կառավարությունից, որը նաև տեսանյութ է պատրաստել։
Հայտարարված մրցույթում հաղթելուց հետո ընկերությունը անհրաժեշտ շարժակազմի մի մասն արդեն ներկրել է։
«Վեդու ԲՈՒԱՏ»–ի ներկայացուցիչ Գարիկ Մանուկյանը նշել է. «Ունենք արդեն իսկ 40 տրանսպորտային միջոց 87 հատից։ Այս պահին 10 մեքենա գտնվում է Երևանում, անցնում է տեխնիկական սպասարկում, որ հանձնվի մեզ։ Հունիսի վերջին արդեն իսկ կունենանք մոտ 65-70 մեքենա տեղում։
Բանակցություններ ենք վարում տեղորոշման ծրագրի հետ, որպեսզի բնակիչները կարողանան իրենց տնից կամ աշխատանքի վայրից տեսնել, թե տրանսպորտը որտեղ է հասել, որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեն կանգառներում սպասելու համար»։
Ավտոբուսները կապելու են մարզի փոքր ու մեծ բնակավայրերը, նաև համայնքները՝ Երևանին։ Մեքենաներում օդափոխման համակարգ կա։
Ընկերությունը պարտավորվել է սպասարկել բոլոր երթուղիները, նաև նրանք, որոնք եկամտաբեր չեն։
Նշենք, որ այս պահին միասնական երթուղային ցանցով ապահովված է Կոտայքի մարզը, Արագածոտնի մարզը, Արմավիրի մարզի Վաղարշապատ տարածաշրջանը և Գեղարքունիքի մարզի Գավառ տարածաշրջանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում