Ի՞նչ են քննարկել Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասներ է հայտնում հանդիպումից

Վարչապետ Փաշինյանը նվաստացուցիչ չի համարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Հայաստանի ներքաղաքական կյանքի քննարկումը։

Հունիսի 18-ի ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ով է եղել Գրիգորյան-Հաջիև հանդիպման նախաձեռնողը, ինչու է ռիսկերի կառավարման քննարկման անհրաժեշտություն առաջացել և արդյոք նվաստացուցիչ չէր Ադրբեջանի ներկայացուցչի հետ Հայաստանի ներքաղաքական կյանքը քննարկելը, Փաշինյանը հայտարարել է, որ ինքն է Արմեն Գրիգորյանին հանձնարարել ուսումնասիրել նման հանդիպման անհրաժեշտությունը, քանի որ երկու երկրների փորձագետները որոշակի միտումներ էին տեսել, որոնք կարող էին սրել իրավիճակը։

Վարչապետը վստահեցրել է, որ որևէ մեկին (Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ) բացատրություններ չեն տվել։ Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, հենց դրանում է կայանում դիվանագիտական աշխատանքը, երբ կողմերը միմյանց պարզաբանում են իրենց դիրքորոշումները։ Սա տեղի է ունենում ցանկացած դիվանագիտական շփման ժամանակ, երբ տեղեկատվությունը ստացվում է ոչ թե երրորդ կողմերից կամ լրատվամիջոցներից, այլ առաջին ձեռքից։

Միաժամանակ, Փաշինյանը վստահեցրել է, որ հանդիպմանը քննարկվել են տասնյակ այլ հարցեր, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց և սահմանների կառավարման վերաբերյալ հարցերը։

«Տարբեր հարևանների հետ տարբեր ձևաչափեր կան։ Ընտրությունների օրը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ»,- հայտնել է Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ներքաղաքական կյանքը չի քննարկում, այլ կիսվում է տեղեկատվությամբ, և դա ընդունված պրակտիկա է։ «Նվաստացուցիչ» ձևակերպման հետ Փաշինյանը կատեգորիկ համաձայն չէ․ նա նման գործընթացը համարում է «շփումներ», «դիրքորոշման պարզաբանում» և «դիվանագիտություն»։

Հանդիպման մանրամասները ներկայացնելու խնդրանքին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ Ազգային ժողովում այդ մասին մանրամասն խոսվել է, և հավելելու ոչինչ չկա։ Սա կարևոր հանդիպում էր, և կարևոր է, որ այն կայացել է Հայաստանում, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս։ Սա նշանակում է, որ մենք առաջ ենք շարժվում խաղաղության գործընթացում և կառավարում ենք բոլոր հնարավոր ռիսկերը, հայտարարել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *