Իրանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները կլինեն ուղիղ․ Al Arabiya

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ուրբաթ օրը Շվեյցարիայում կանցկացնեն ուղիղ բանակցությունների առաջին փուլը, որի ընթացքում կքննարկվեն մի շարք տեխնիկական հարցեր, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց փոխանցմամբ՝ կողմերը ծրագրում են դիտարկել իսլամական հանրապետության «միջուկային ծրագրին առնչվող քաղաքական ասպեկտները», հակաիրանական պատժամիջոցների չեղարկման ու իրանական ակտիվների ապասառեցման խնդիրներին վերաբերող «իրավական ասպեկտները», ինչպես նաև Լիբանանին և շիական «Հեզբոլլահ» շարժման գործունեությանը վերաբերող հարցեր։ Նշվում է, որ հանդիպումները կարող են կայանալ Ցյուրիխում։

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ բանակցություններին կմասնակցեն Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները, իսկ որոշ հանդիպումների ներկա կգտնվեն նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում նախնական բանակցություններ կանցկացնեն կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի կատարման շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *