Անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը շարունակում են հետ մղել Մոսկվայի ուղղությամբ իրականացվող անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ մի քանի անօդաչու սարքերի հաջողվել է հասնել Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածք, որտեղ իրականացվում են հետևանքների վերացման աշխատանքներ։

Միջադեպի մանրամասները պաշտոնապես դեռևս չեն հրապարակվել։ Միաժամանակ, տեղեկությունների համաձայն, գործարանի տարածքից բարձրանում է խիտ սև ծուխ, ինչպես նաև լսվել են պայթյունների ձայներ։

Մոսկվայի ՆԳՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով մայրաքաղաքում սահմանափակվել է երթևեկությունը։ Փակվել են Չագինսկայա և Կապոտնյա փողոցների որոշ հատվածներ, սահմանափակումներ են կիրառվել նաև Վերխնիե Պոլյա փողոցում, Նովորյազանյան խճուղու որոշ հատվածներում և Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի (ՄԿԱԴ) մի շարք հատվածներում։ Վարորդներին խորհուրդ է տրվում օգտվել շրջանցիկ երթուղիներից։

Նշվում է, որ հունիսի 16-ին Moscow Oil Refinery-ն արդեն վնասվել էր անօդաչու սարքերի հարձակման հետևանքով։ Այդ ժամանակ գործարանի տարածքում բռնկված հրդեհը արագորեն մեկուսացվել էր։

Մոսկվայի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակող ձեռնարկություններից մեկն է և մայրաքաղաքի միակ նմանատիպ օբյեկտը։ Այն մտնում է «Газпром нефти»-ի կազմի մեջ և գործում է 1938 թվականից։

Գործարանի առաջնային վերամշակման տարեկան հզորությունը կազմում է 12 միլիոն տոննա, իսկ վերջին տարիներին փաստացի վերամշակման ծավալը տատանվել է տարեկան 10-12 միլիոն տոննայի սահմաններում։ Ձեռնարկությունն արտադրում է շուրջ 30 տեսակի նավթամթերք՝ ներառյալ բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին և բիտում։

Գործարանը ապահովում է Մոսկվայի տարածաշրջանի վառելիքի պահանջարկի մոտ 40 տոկոսը։ Բացի այդ, նշվում է, որ մայրաքաղաքում կառուցվող կամ վերանորոգվող յուրաքանչյուր երկրորդ ճանապարհի համար օգտագործվում է հենց այս ձեռնարկության արտադրած բիտումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *