Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա

Վրաստանում բացահայտվել է այսպես կոչված «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի գործ, հաղորդում է TV Pirveli-ն։ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում և Քվեմո Քարթլիում իրականացված լայնամասշտաբ հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել է 21 մարդ։

Քննության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը մաքսային ծառայության նախկին աշխատակից է։ Մարնեուլիում գտնվող նրա տանը հատուկ գործողությունն իրականացվել է լուսաբացին։ Ձերբակալվածի հարազատները պնդում են, որ նա որևէ կապ չունի հանցախմբի հետ, և սխալմունք է տեղի ունեցել։

Գործով անցնող ևս մեկ անձ՝ Կասպիի մունիցիպալիտետում ձերբակալված Իբրահիմ Նուրիևը, իր փաստաբանի պնդմամբ, տուժող է և ինքն է ենթարկվել քրեական հեղինակությունների շորթմանը։

Քննությունը պնդում է, որ ձերբակալվածները մասնակցել են ֆինանսական վեճերի կարգավորման նպատակով այսպես կոչված «գողական հաշվեհարդարների» կազմակերպմանը։ Իրավապահ մարմինների վարկածով՝ սխեմային ներգրավված է եղել արտերկրում գտնվող քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովը։

Հաղորդվում է նաև, որ ևս ինը անձի մեղադրանք է առաջադրվել. նրանց մի մասը անզատության մեջ է, իսկ մի մասի նկատմամբ հայտարարվել է որոնում։

Ըստ գործի նյութերի՝ Վրաստանում Մամեդովի հետ կապված անձանց միջոցով բիզնեսի ներկայացուցիչներից և քաղաքացիներից պահանջվել են խոշոր գումարներ։ Հրաժարվելու դեպքում, ինչպես պնդում է քննությունը, հնչել են ֆիզիկական հաշվեհարդարի և սպանության սպառնալիքներ։ Բացի դրանից, TV Pirveli-ի տվյալներով, մի շարք դեպքերում հրկիզվել են տուժողների տները։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել են բջջային հեռախոսներ և համակարգչային տեխնիկա, որոնք կասկածյալներն օգտագործել են միմյանց և արտերկրի քրեական հեղինակության հետ կապ հաստատելու համար։

Հայտնաբերվել է նաև ավելի քան 62 հազար դոլար կանխիկ դրամ, որը, ենթադրաբար, հավաքվել էր այսպես կոչված ընդհանուր դրամարկղի («օբշչակի») համար, ինչպես նաև մեղադրյալներին պատկանող ավտոմեքենաներ, ռազմամթերք և հրազեն, գրում է Грузия Online-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *