Բրիտանական դատարանը չի կարողացել վճիռ ընդունել «Իրանի հետ կապված» նորվեգացի մարդասպանի գործով

Մեծ Բրիտանիայի երդվյալ ատենակալների դատարանը չի կարողացել վճիռ ընդունել Նորվեգիայի 19-ամյա քաղաքացի Յոհաննես Կոնգսնես Նատլանդի գործով, որը մեղադրվում է «Իրանի հետ կապված միջազգային հանցավոր խմբավորման հանձնարարությամբ» պատվիրված սպանություն նախապատրաստելու մեջ, հաղորդում է BBC News-ը։

Մեղադրական կողմի վարկածով՝ անցյալ տարվա մարտին Նատլանդը համաձայնել է կատարել շվեդական Foxes հանցավոր ցանցի առաջադրանքը և 25 հազար եվրո վարձատրության դիմաց պետք է գնդակահարեր մի մարդու, ում ինքնությունը նրան չէր հայտնվել։

Անգլիա ժամանելուց երկու օր անց զինված ոստիկանները ձերբակալել են նրան Արևմտյան Յորքշիր կոմսության Հադերսֆիլդ քաղաքի հյուրանոցներից մեկում։ Գործողության ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են երկու հրազեն և 12 փամփուշտ։

Ամբաստանյալն ընդունել է իր մեղքը զենքի և զինամթերքի ապօրինի պահման մեղադրանքներով, սակայն հերքել է սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքը։

Երդվյալ ատենակալները վճռի քննարկմանն անցել են երեքշաբթի, սակայն գրեթե 15 ժամ տևած խորհրդակցություններից հետո չեն կարողացել հանգել միասնական որոշման։ Արդյունքում դատավորը արձակել է երդվյալ ատենակալների կազմը։

Դատախազությունը հայտարարել է կրկնակի դատաքննության հասնելու մտադրության մասին։ Մինչ դատարանի հետագա որոշումը Նատլանդը կմնա կալանքի տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *