Միջին միջանցքի լիարժեք գործարկման համար կպահանջվի մոտ 28 մլրդ ԱՄՆ դոլար։ Ուստի ենթակառուցվածքները շարունակում են մնալ թիվ մեկ առաջնահերթությունը։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին Բաքվում Զարգացման իսլամական բանկի տարեկան հանդիպումների շրջանակում կազմակերպված «Միջին միջանցքի ֆինանսավորումը՝ հանուն կայուն տրանսպորտի և առևտրի» նստաշրջանում հայտնել է Ենթակառուցվածային ներդրումների ասիական բանկի գլխավոր տնօրեն Սյաոհուն Յանը։
Նրա խոսքով՝ առաջին գերակայությունը բանկային ֆինանսավորման համար պիտանի նախագծերի՝ «bankable projects»-ի ֆինանսավորումն է։ «Առաջիկա 15 տարում Միջին միջանցքի համար կպահանջվի մոտ 28 մլրդ ԱՄՆ դոլար։ Ուստի ենթակառուցվածքները շարունակում են մնալ թիվ մեկ առաջնահերթությունը։ Երկրորդ առաջնահերթությունը գործառնական արդյունավետությունն է։ Միջին միջանցքը ներդրողների և բեռնափոխադրողների համար գրավիչ դարձնելու ամենակարևոր գործոններն են դրա հուսալիությունն ու կանխատեսելիությունը։ Եթե նախկինում փոխադրումները տևում էին մոտ մեկ ամիս, ապա այժմ այդ ժամկետը կրճատվել է մինչև մոտ 18 օր։ Սակայն դա դեռևս բավական երկար է», — նշել է նա։