Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը չի հետաձգվի։ Այս մասին հունիսի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող են կասեցվել այն նախաձեռնությունները, որոնք ենթադրում են սահմանադրական մեծամասնության առկայություն, թե իշխող ուժը կփորձի գտնել դրանց իրականացման այլ իրավական ուղիներ։
«Ոչինչ չի կասեցվի։ Մենք կշարունակենք առաջ շարժվել մեր օրակարգին համապատասխան», – ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ առաջացել են որոշակի դժվարություններ, սակայն իշխող ուժը կշարունակի աշխատանքն իր ծրագրային խնդիրների իրականացման ուղղությամբ։
Նրա հավաստմամբ՝ նոր Սահմանադրության ընդունման հարցը «Քաղաքացիական պայմանագրի» օրակարգում է դեռևս 2019 թվականից։
«Մենք չենք շեղվելու մեր օրակարգից և դրա համար կգտնենք իրավական լուծումներ։ Հավաստիացնում եմ ձեզ, որ դրա համար գոյություն ունեն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական լուծումներ», – ընդգծել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ լուծումներն ավելի ակնառու կդառնան Ազգային ժողովի նոր կազմի ձևավորումից հետո։