Ձեռնարկատեր Փիթեր Թիլի հիմնադրած Dialog փակ համայնքը օգոստոսին կանցկացնի «ռեթրիթ», որի շրջանակում մասնակիցները նախատեսում են քննարկել երրորդ համաշխարհային պատերազմի սցենարները, միջուկային էներգետիկայի հեռանկարները և կուլտերի ստեղծումը, հաղորդել է Wired ամսագիրը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նաև գրանցված հյուրերի ցանկը, որտեղ ներառված են ամերիկացի գործող նախարարներ, սենատորներ և նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Փիթեր Թիլը ամերիկացի ձեռնարկատեր և ներդրող է, PayPal վճարային համակարգի համահիմնադիրներից մեկը։ Նա Founders Fund վենչուրային հիմնադրամի հիմնադիրն է և Palantir Technologies վերլուծական ընկերության համահիմնադիրը։ Բիզնեսում ունեցած ձեռքբերումներից բացի՝ հայտնի է կյանքը երկարացնելու թեմայի նկատմամբ իր մեծ հետաքրքրությամբ. Թիլը բազմիցս հայտարարել է մինչև 120 տարի ապրելու մտադրության մասին, ներդրումներ է կատարել ծերացման մեխանիզմներն ուսումնասիրող կենսատեխնոլոգիական ստարտափներում և ֆինանսավորել է կրիոնիկայի ու հակատարիքային թերապիայի ոլորտի հետազոտությունները։
Ինչպես նշել է Wired-ը, գրանցման ցուցակում տարբեր կարգավիճակներով (այդ թվում՝ «ակտիվ անդամ» և «հյուր») հիշատակվում են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, բանակի նախարար Դեն Դրիսքոլը, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի կոմիտեի նախագահ Թեդ Քրուզը, կոնգրեսական Ջիմ Հայմսը, ինչպես նաև մի շարք պաշտոնատար անձինք, որոնց անունները չեն նշվում։ Վերջինների թվում են ԱՄՆ գործող դեսպանը (պետությունը չի հստակեցվում), Մերձավոր Արևելքում հետախուզության նախկին ղեկավարը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակիցը և գործող վարչակազմի մի քանի պաշտոնյաներ։
Առանձին նշված է գեներալ Ալեքսուս Գրինկևիչը՝ Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գերագույն հրամանատարը և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավարը։ Ըստ ցուցակի՝ նա Dialog-ի միջոցառումներին մասնակցում է 2021 թվականից։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթում նշված է 222 մասնակից։
Dialog-ը փակ համայնք է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ Այն ներկայանում է որպես տեխնոլոգիական էլիտայի, քաղաքական իսթեբլիշմենթի և գիտական շրջանակների ներկայացուցիչների ոչ ֆորմալ շփման հարթակ։ Կազմակերպության միջոցառումներն անցկացվում են խիստ գաղտնիության պայմաններում։
Միջոցառումը նախատեսված է օգոստոսի 12–16-ը և կանցկացվի Դուբլինից ոչ հեռու գտնվող հարթակում։ Ծրագրում հայտարարված փակ բնույթի նիստերի թվում Wired-ը նշում է հետևյալները՝ «Փողն արդյո՞ք երջանկություն գնում է», «Վերադարձնենք միջուկային էներգիան», «Նավարկում երրորդ համաշխարհայինի պայմաններում», «Մարտադաշտի տեխնոլոգիաներ», «Ինչպե՞ս է ձեր սեռական կյանքը»։ Ծրագրում ներառված են նաև «Կառուցիր կուլտ» (մոդերատորն է քրիստոնեական սոցիալական ցանցի Pray.com-ի հիմնադիրը) և «Կառուցիր կուսակցություն» (վարողը՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից) քննարկումները։
Wired-ը նշել է, որ, չնայած կարգավիճակի և գործունեության ոլորտի տարբերությանը, հավաքվածներին միավորում է արհեստական բանականության, երկարակեցության և միջնաժամկետ ապագայի հարցերի նկատմամբ հետաքրքրությունը։ Գրանցման հարցաթերթիկը լրացնելիս մասնակիցները բազմիցս վերադարձել են այն թեզին, որ ԱԲ-ն մի քանի տարվա ընթացքում կարող է արմատապես փոխել աշխատաշուկան, ռազմական հակամարտությունների բնույթը, կրթական համակարգը և կրոնական համոզմունքները։
Բացի քննարկումային բաղադրիչից, ֆորումը ներկայացվում է նաև որպես զուգընկեր գտնելու հարթակ։ Wired-ը գրել է, որ գրանցման ձևում օգտատերերին հարցնում են՝ արդյոք նրանք փնտրում են «սեր», և առաջարկում են ընտրել «միայնակ տղամարդ», «միայնակ կին» կամ «այլ» կարգավիճակը՝ «ապագա ծանոթությունների ծրագրում» ներառվելու համար։