Լեհաստանի իրավապահ մարմինները Բելյա Պոդլասկա քաղաքում ձերբակալել են Ռուսաստանի իշխանություններին և անձամբ Վլադիմիր Պուտինին քննադատող, սուր ծաղրանկարներով ու սատիրիկ կոմպոզիցիաներով հայտնի ռուս նկարիչ Սեմյոն Սկրեպեցկու (իսկական անունը՝ Ռոբերտ Կուզովկով) աղմկահարույց սպանության մեջ կասկածվող անձին։
Ընդ որում՝ երկրի քննիչները հակված են այն վարկածին, որ հունիսի 15-ին տեղի ունեցած այս հանցագործությունը եղել է կանխամտածված ու պատվիրված։ Եվ նրանք այժմ ակտիվորեն փորձում են պարզել հնարավոր պատվիրատուի ինքնությունը:
Այս մասին հաղորդում է DW լրատվական գործակալությունը՝ հղում անելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի՝ X սոցիալական ցանցում արված պաշտոնական հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Լյուբլինի ոստիկանության և Ներքին անվտանգության գործակալության կողմից ձերբակալված տղամարդը ներկայացրել է վրացական անձնագիր:
Սպանությունից կարճ ժամանակ առաջ ռուս վտարանդի արվեստագետը բազմիցս հայտնել էր իր հասցեին ստացվող լուրջ սպառնալիքների մասին, իսկ գործի շրջանակում ավելի վաղ ձերբակալված բելառուս երկու քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել՝ հանցագործությանը նրանց մասնակցության ապացույցների բացակայության պատճառով: