
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը կողմնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ իսրայելական զորքերը ստիպված կլինեն լքել Լիբանանի տարածքը, գրում է The National-ը:
««Հեզբոլլահի» ոչնչացման և օկուպացիայի հաստատման ծրագիրը տապալվել է։ Իսրայելցիները կհեռանան մեր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից», — հայտարարել է նա։
Ավելի վաղ «Հեզբոլլահի» բարձրաստիճան աղբյուրը լրատվամիջոցին հայտնել էր, որ շարժումն անընդունելի է համարում լիբանանյան տարածքում իսրայելական զորքերի ներկայությունը, և որ միայն դրանց լիակատար դուրսբերումը կարող է վերականգնել խաղաղությունը։
Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ի հետ՝ միջնորդների միջոցով, ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ շփումները ակտիվացել են։ Աղբյուրը նշել է, որ «Հեզբոլլահը» չի խախտել նախորդ հրադադարը, մինչդեռ Իսրայելը խախտել է՝ ձգտելով գրավել լրացուցիչ տարածքներ և վերահսկողություն հաստատել Նաբաթիե շրջանի նկատմամբ։