Նորվեգիան առաջարկել է արգելել առևտուրն իսրայելական բնակավայրերի հետ

Նորվեգիայի իշխանությունները հանրային քննարկման են ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է արգելել առևտուրը օկուպացված պաղեստինյան տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերի հետ։ Դրա մասին հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ նախաձեռնության՝ առաջարկվում է արգելել այդ բնակավայրերում արտադրված ապրանքների ներմուծումը, ինչպես նաև այնտեղ արտադրանքի արտահանումը։ Փաստաթուղթը սահմանափակում է նաև նման շրջաններում անշարժ գույքի գնումը, դրանց կառուցապատմանն առնչվող ծառայությունների մատուցումը և բնակավայրերի հետ կապված բիզնեսին մասնակցությունը։

Արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է, որ Օսլոյի դիրքորոշմամբ՝ իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը և խաթարում երկու պետությունների ստեղծման հեռանկարները։

Օրինագծի քննարկումը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը, ինչից հետո կառավարությունը որոշում կընդունի նախաձեռնությունը խորհրդարան հնարավոր փոխանցման վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *