Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը դժվարությունների է բախվում Լիտվայում տեղակայված Բունդեսվերի նոր տանկային բրիգադի համար կամավորներ հավաքագրելիս։ Իրավիճակի մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ ի սկզբանե շեշտը դրվել էր զինծառայողների կամավոր մասնակցության վրա, սակայն ցանկացողների թիվը բավարար չի եղել, դրանց թվում՝ նկատվում է մասնագետների պակաս, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Արդյունքում Գերմանիայի պաշտպանության նախարարությունում դիտարկում են զինվորականներին մասնակիորեն պարտադիր կարգով գործուղելու հնարավորությունը։
Գերմանիայի ցամաքային զորքերի տեսուչ Քրիստիան Ֆրոյդինգը հայտարարել է, որ առաջնահերթություն է մնում հաջորդ տարի բրիգադի լիարժեք մարտունակության հասնելը, և դրա համար կարող են կիրառվել «պարտադիր բնույթի միջոցներ» այնտեղ, որտեղ կամավոր հավաքագրումը բավարար չի լինի։
Գերատեսչությունում միաժամանակ փորձում են բարձրացնել արտերկրում ծառայության գրավչությունը՝ առաջարկելով սոցիալական աջակցության միջոցներ զինծառայողների ընտանիքների համար, ներառյալ՝ դպրոցներ երեխաների համար և օգնություն ամուսիններին՝ աշխատանքի տեղավորման հարցում։