Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել և մեղադրանք են առաջադրել Բելառուսի մի քաղաքացու հանդեպ, որը կասկածվում է Ֆրանսիայի և Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող գործարանում Ռուսաստանի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
Փարիզի դատախազության փոխանցմամբ՝ 48-ամյա տղամարդը ձերբակալվել է հունիսի 3-ին այն բանից հետո, երբ նրան նկատել են ընկերության տարածքում ԱԹՍ-ի նախատիպը տեսանկարահանելիս։ Քննության տվյալներով՝ խոսքը Տուլուզի մոտակայքում գտնվող «Delair» ընկերության գործարանի մասին է։
Ֆրանսիայի ներքին հետախուզության ծառայության իրականացրած հետաքննությունը ցույց է տվել, որ կասկածյալն այդ տեսագրությունն ուղարկել է Ռուսաստանում գտնվող իր կոնտակտային անձին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա պետությանը տեղեկություններ փոխանցելու, ինչպես նաև հանցավոր համաձայնությանը մասնակցելու համար։ Ֆրանսիական օրենսդրությամբ՝ նման արարքների համար կարող է մինչև 15 տարվա ազատազրկում սպառնալ։
Հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալը մշտական բնակություն է հաստատել Իսպանիայում։
Հատկանշական է, որ նրա ձերբակալությունից ընդամենը մեկ օր առաջ նույն գործարանը հարձակման էր ենթարկվել «Մոլոտովի կոկտեյլների» կիրառմամբ։ Այդուհանդերձ, սարքերը չեն գործել, և պայթյուն չի որոտացել։ Այս պահին Ֆրանսիայի իշխանությունները չեն հայտնում՝ արդյոք այս երկու դեպքերը կապված են միմյանց հետ, թե ոչ։