Nike-ն ընդդեմ Adidas-ի. բրենդների մեծ պատերազմը Աշխարհի 2026 թվականի առաջնությունում

Մինչ ֆուտբոլային հավաքականները խոտածածկերի վրա պայքարում են հուլիսի 19-ին Աշխարհի գավաթը գլխավերևում պահելու իրավունքի համար, նույն մարզադաշտերում ընթանում է մեկ այլ՝ կոմերցիոն թագի պատերազմ։ Այս ճակատամարտի գլխավոր դերակատարները մարզական հսկաներ Nike-ն ու Adidas-ն են, իսկ խաղադրույքը միլիարդավոր դոլարների հասնող շահույթն է։ Forbes Sport-ը վերլուծել է, թե ինչ զենքերով են հանդես գալիս հակառակորդները։

Մրցաշարի մասնակից 48 հավաքականների ավելի քան կեսը գտնվում է այս երկու գլոբալ բրենդների հովանու ներքո։ Այս ցուցանիշով առավելությունը գերմանական ընկերության կողմն է. Adidas-ը հանդերձավորում է 14 հավաքականների, այդ թվում՝ Գերմանիային, Իսպանիային և Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինային։ Nike-ի հովանավորությամբ հանդես է գալիս 12 թիմ։

Չնայած ընթացիկ առաջնությունում քանակական առավելությանը, Adidas-ի համար սա վերջին Աշխարհի առաջնությունն է հարազատ՝ Գերմանիայի հավաքականի հետ։ 2027 թվականից «Բունդեսթիմը» անցնում է Nike-ին՝ ընդհատելով ավելի քան 70 տարի տևած պատմական համագործակցությունը։

Ամերիկյան հսկան 2024 թվականին իսկական հեղափոխություն արեց ֆուտբոլային հովանավորչության ոլորտում՝ պայմանագրերի գները բարձրացնելով անհավանական մակարդակի։ Nike-ը կնքեց երեք խոշորագույն գերգործարք.

  • Գերմանիայի ֆուտբոլային միության հետ,

  • Ֆրանսիայի ֆուտբոլային ֆեդերացիայի հետ (պայմանագրի երկարաձգում),

  • Բրազիլիայի ֆուտբոլային ֆեդերացիայի հետ (պայմանագրի երկարաձգում)։

Բրենդների տեղափոխություններ եղել են նաև Adidas-ի մոտ, թեև ոչ այդքան աղմկահարույց.

  • ՀԱՀ (Հարավաֆրիկյան Հանրապետություն). 2025 թվականի վերջին Adidas-ը փոխարինեց ֆրանսիական Le Coq Sportif-ին, և այս առաջնությունում Bafana Bafana-ն («Մեր տղաները»՝ զուլուերենով հավաքականի մականունը) արդեն հանդես է գալիս ավանդական երեք գծերով։

  • Թուրքիա. Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո այս հավաքականը Nike-ի հետ 23 տարվա գործընկերությունից հետո անցնում է Adidas-ի ճամբար։

  • Չեխիա. Տուրնիրից հետո այս թիմը նույնպես միանում է Adidas-ին՝ ավարտելով Puma-ի հետ 33-ամյա համագործակցությունը։


10,5 միլիարդ դոլար՝ գովազդի համար. որքա՞ն են բրենդները ծախսելու ԱԱ-2026-ի վրա և ինչպիսի՞ արդյունք են ակնկալում


Չնայած Nike-ի ագրեսիվ ֆինանսական գրոհներին, գերմանական արտադրողն ունի մի անխոցելի առավելություն՝ գլոբալ և երկարաժամկետ գործընկերություն անձամբ ՖԻՖԱ-ի (FIFA) հետ։

Առաջնության ընթացքում հեռուստադիտողներն ու մարզադաշտում գտնվող երկրպագուները յուրաքանչյուր խաղի ժամանակ գովազդային վահանակներին տեսնում են Predator և F50 խաղակոշիկների գովազդները։ Բացի այդ,

Adidas-ը պահպանում է ֆուտբոլի գլխավոր ատրիբուտի՝ պաշտոնական գնդակի արտադրության բացառիկ իրավունքը, որն անփոփոխ իրականացնում է դեռևս 1970 թվականից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *