
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների պատճառով Իրանը դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ ստորագրված պատերազմի դադարեցման մասին հռչակագրից։
Իրանական տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ Հորմուզի նեղուցը կրկին փակվում է։
Վերջերս լրատվամիջոցների մեկի հետ զրույցում (եթե չեմ սխալվում Արմենիա TV-ի) նշեցի, որ մի բան է ԱՄՆ-Իրան համաձայնությունը, մեկ այլ բան է դրա կիրառումը առանց Իսրայելի կողմից հստակ երաշխիքների, որ չեն տորպեդահարվի համաձայնությունները։
Նաև բազմիցս նշել եմ, որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի համար Իրանի միջուկային ծրագիրը միայն պատրվակ է։ Բայց դրանից անդին այս երկուսի շահերը հակասում են Իրանի ապագայի հարցում։ Իսրայելը ցանկանում է մասնատված Իրան, իսկ ԱՄՆ-ն իր երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից կարիք ունի միասնական, բայց պրոամերիկյան Իրանի։
Եվ հիմա Իսրայելը պատրաստ է ցանկացած կերպ տորպեդահարել համաձայնությունները, որի համար գտել է նոր «դաշնակից» ի դեմս Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի, որը օգտագործելով Իրանի միջուկային ծրագիրը, փորձում է ԱՄՆ-Իրան հնարավոր գործարքից սեփական շահը ստանալ։
Մի խոսքով` հակամարտությունները Մեծ Մերձավոր Արևելքում ձևավորված համակարգի սովորական բնույթն է, ուստի այստեղ միշտ լինելու են հակամարտություններ ոչ գլոբալ դիմակայություններ ու վա՜յ նրանց, ովքեր հանձնվել են խաղաղության կեղծ քարոզներին»: