New York Times-ի լրագրողներ Մեգի Հաբերմանի և Ջոնաթան Սուոնի նոր նյութը, որը ներառվել է Regime Change գրքում, պարունակում է պնդումներ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին արված արտահայտությունների մասին, գրել է The Guardian-ը։
Հեղինակների տվյալներով՝ Բեսենթը, իբր, դեմ է արտահայտվել Զելենսկու այցին Օվալաձև աշխատասենյակ և գործընկերների հետ մասնավոր զրույցներում նրա հասցեին օգտագործել է կտրուկ բացասական բնութագրումներ, այդ թվում՝ «փոքրիկ սրիկա» արտահայտությունը, ինչպես նաև համեմատություններ «հատուկ կարիքներ ունեցող երեխայի» և «թմրանյութերի ազդեցության տակ գտնվող Միստր Բինի» հետ։
Հեղինակները հավաստիացրել են, որ այդ արտահայտությունները հնչել են Սպիտակ տուն Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի, ինչպես նաև ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման քննարկումների ֆոնին, որը, ինչպես հաղորդվել է, համակարգում էր Բեսենթը։
Գրքում նաև նկարագրվում է, որ 2025 թվականի փետրվարի 28-ին Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Բեսենթը, բանակցություններն անցել են լարված մթնոլորտում։ Հեղինակների վարկածով՝ ամերիկյան կողմի ներկայացուցիչները խիստ քննադատել են Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը։
Հանդիպումից հետո Բեսենթը Bloomberg գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է, որ Զելենսկու վարքագծից «շոկի մեջ էր»՝ նրա գործողությունները որակելով որպես լուրջ դիվանագիտական սխալ և ամերիկյան կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
Regime Change գիրքը նաև նկարագրում է ԱՄՆ վարչակազմի ներսում առկա տարաձայնություններն օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի պայմանների շուրջ և կողմերի միջև բանակցային գործընթացի բարդությունները։