Հարավային Կորեայում խարդախության զոհ դարձած օտարերկրյա քաղաքացիների թիվը վերջին երկու տարում աճել է գրեթե չորս անգամ։ Այդ մասին, հղում անելով Ազգային ոստիկանության գործակալության տվյալներին, հայտնել է իշխող Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կիմ Ջուն Հվանը, տեղեկացնում է Yonhap-ը։
Ըստ վիճակագրության՝ եթե 2023 թվականին գրանցվել էր խարդախության զոհ դարձած 5307 օտարերկրացի, ապա 2024 թվականին նրանց թիվն աճել է մինչև 8671, իսկ 2025 թվականին արդեն հասել է 19 907 մարդու։
Իրավապահ մարմինների տվյալներով, նման հանցագործությունների զգալի մասը կապված է կորեական փոփ մշակույթի՝ այսպես կոչված «հալլյուի» օտարերկրյա երկրպագուների հետ։ Խաբեբաները երկրպագուներին առաջարկում են գնել հուշանվերային արտադրանք կամ K-pop աստղերի հետ կապված բացառիկ ապրանքներ, իսկ գումարը ստանալուց հետո անհետանում են։
Ցուցադրական էր BTS հանրահայտ խմբի՝ հունիսի 12–13-ին Պուսանում կայացած համերգաշրջանը․ այդ օրերին օտարերկրացիների նկատմամբ գրանցված հինգ հանցագործություններից երեքը խարդախության դեպքեր են եղել։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կորեայում տարբեր հանցագործություններից տուժած օտարերկրյա քաղաքացիների թիվը երկու տարվա ընթացքում աճել է 81,7%-ով՝ 2023 թվականի 28 048 մարդուց հասնելով 50 975-ի 2025 թվականին։
Պատգամավոր Կիմ Ջուն Հվանը կոչ է արել ուժեղացնել օտարերկրյա զբոսաշրջիկների պաշտպանության միջոցները՝ զբոսաշրջային հոսքի կտրուկ աճի ֆոնին։ Պաշտոնական տվյալներով, Հարավային Կորեայի օտարերկրյա այցելուների թիվն աճել է 2023 թվականի 11 մլն-ից մինչև 18,9 մլն՝ 2025 թվականին, ինչը համապատասխանում է 71,7% աճի։