Անոմալ շոգի պատճառով Ֆրանսիայում ջրահեղձման 13 դեպք է արձանագրվել

Ֆրանսիայում անոմալ շոգի ֆոնին խեղդվելու 13 դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է «BFMTV» հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքացիական անվտանգության ազգային ծառայության ներկայացուցիչ Ժերոմ Բուլանժեին։

Զոհվածների թվում երկու դեռահաս կա։ Շոգ եղանակի պատճառով ջրահեղձման վտանգը կտրուկ մեծանում է, ուստի ոստիկանությունը հսկողություն է իրականացնում ջրամբարների ու լողափերի մոտ՝ նման դեպքերը կանխելու համար։ Փարիզում, չնայած գործող արգելքին, շատերը շարունակում են լողալ Սեն Մարտեն ջրանցքում։ Ոստիկանական վարչությունն իրավիճակը վերահսկելու համար 10 մոտորանավակ է ներգրավել։

Անոմալ շոգի պատճառով երկուշաբթի օրը փակվել է 845 դպրոց և քոլեջ, իսկ երկրի 60 հազար ուսումնական հաստատություններից ևս 1800-ում կփոփոխվի դասացուցակը։

Նշենք, որ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը երկուշաբթի օրը երկրի տարածքի մեծ մասում հայտարարել է վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան։ Կանխատեսվում է աննախադեպ տապ, մի շարք շրջաններում ջերմաստիճանը կհասնի 40-42°C-ի։

Բացի այդ, անտառային հրդեհների բարձր վտանգի պատճառով 17 դեպարտամենտում հայտարարվել է վտանգավորության «նարնջագույն» աստիճան։

Ուժեղ շոգի հետևանքով Իլ դը Ֆրանս շրջանում հասարակական տրանսպորտը կաշխատի խափանումներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *