Չինացի ինժեներները մտադիր են կրկնապատկել «Տյանգուն» ազգային ուղեծրային կայանի առավելագույն զանգվածը՝ հասցնելով այն 180 տոննայի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի տիեզերական կայանի համակարգի գլխավոր կոնստրուկտոր Յան Հունը, որի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Կայանը վեց մոդուլանոց կոնֆիգուրացիայի արդիականացնելուց հետո դրա ընդհանուր զանգվածը ներկայիս 90 տոննայից կհասնի առավելագույնը 180 տոննայի»,— ասել է Յան Հունը։
Այժմ ուղեծրային համալիրը բաղկացած է երեք մոդուլից, որոնք միմյանց են միացված «T» տառի տեսքով։ Տիեզերագնացների հերթական առաքելությունների ժամանման և 20 տոննանոց ընդլայնման մոդուլի կցումից հետո կայանը կստանա խաչաձև տեսք։ Իսկ ամբողջական արդիականացումից հետո այն կհիշեցնի միմյանց վրա տեղադրված երկու «T» տառ կամ չինական հիերոգլիֆ։
Ուղեծրային համալիրի չափսերի մեծացումը թույլ կտա տարբեր մոդուլներում գիտական բազմաթիվ փորձարկումներ իրականացնել։ Ակնկալվում է, որ կայանում կավելանա նաև չինացի տիեզերագնացների թիվը։
Չինական կայանը գտնվում է մոտ 400 կմ բարձրության վրա։ Այն նախատեսված է երեք հոգու համար (անձնակազմի հերթափոխի ժամանակ կարճ ժամանակով կարող է հյուրընկալել մինչև վեց հոգի)։ 2022 թվականին ուղեծրային կայանը սկսել է գործել հաստիքային ռեժիմով և անցել է տարբեր, այդ թվում՝ միջազգային ծրագրերի իրականացմանը։