Սովորեք Իրանից՝ պետական արժանապատվության դասեր

Նուրբ քաղաքական շտրիխներին հաճախ քիչ ուշադրություն է դարձվում։ Բայց պետությունների արժանապատվությունը շատ հաճախ հենց այդ մանրուքների մեջ է երևում։ Դրանք պետք է ոչ թե պարզապես տեսնել, այլ զգալ, համեմատել ու հասկանալ։
Վերջին օրերին շատերը պարզապես լսեցին ու անցան այն լուրի կողքով, որ Բյուրգենշտոկում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում իրանական պատվիրակությունը հրաժարվել է ամերիկացի պաշտոնյաների հետ համատեղ լուսանկարվելուց և արարողակարգային ձեռքսեղմումներից։ Իրանական կողմը դա ներկայացրել է որպես սկզբունքային քաղաքական դիրքորոշում, ոչ թե արարողակարգային քմահաճույք։

Բայց այստեղ կա նաև մեկ այլ շերտ՝ քաղաքական արժանապատվությունը։ Որովհետև որոշ պահերի ժողովուրդները իրենց ղեկավարներից սպասում են ոչ միայն բանակցել, այլև հիշել, թե ինչ ցավի ու ինչ կորստի միջով են անցել։
Չխորանամ։ Փորձենք տեղափոխվել մեր իրականություն։

Այսօր էլ Բաքվի բանտերում շարունակում են մնալ հայ գերիներ ու Արցախի ղեկավարներ։ Մինչ օրս բաց է մնում բռնի տեղահանված արցախահայության վերադարձի հարցը։ Մինչ օրս շրջանառվում է «Արևմտյան Ադրբեջանի» վտանգավոր օրակարգը։ Մինչ օրս հասարակությունը կրում է տարածքային կորուստների, տասնյակ հազարավոր զոհերի, անհետ կորածների, հաշմանդամ դարձած տղաների և հազարավոր խեղված ճակատագրերի ծանր հետևանքները։

Եվ այս ամենի ֆոնին անխուսափելի հարց է առաջանում. արդյո՞ք կարելի է այս ամենից հետո պետական մակարդակով այնքան թեթև վերաբերվել ժեստերին, ձեռքսեղմումներին, գրկախառնություններին ու ժպիտներին, կարծես անցյալում ոչինչ չի եղել։
Խոսքը դիվանագիտությունը մերժելու մասին չէ։ Պետությունները նույնիսկ պատերազմից հետո են բանակցում։ Խոսքը քաղաքական հիշողության մասին է։ Այն զգացողության, որ յուրաքանչյուր ժեստ ունի իր գինը, իր հասցեատերը և իր քաղաքական բովանդակությունը։
Երբ գերիներդ դեռ ազատ չեն, երբ ազգային վերքերդ դեռ բաց են, երբ զոհվածների ընտանիքները դեռ արդարության պատասխաններ են սպասում, երբ հաշմանդամ դարձած տղաները ամեն օր հիշեցնում են պատերազմի գինը, յուրաքանչյուր ձեռքսեղմում դադարում է պարզապես ձեռքսեղմում լինելուց։ Այն դառնում է քաղաքական ուղերձ։ Եվ ժողովուրդները հաճախ ոչ թե խոսքերն են հիշում, այլ հենց այդ ժեստերը։

Թերևս դրա համար է, որ որոշ պետություններ երբեմն հրաժարվում են նույնիսկ մեկ լուսանկարից։ Որովհետև հասկանում են՝ կան պահեր, երբ արժանապատվությունը ավելի բարձր է, քան արարողակարգը։ Իսկ մեր իշխանությունը դեռ փորձում է հասկանալ, թե դեռ ինքան կարող է տրորել ազգային, պետական արժանապատվությունը և մնալ աթոռի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *