ԱՄՆ-Իրան պայմանավորվածություններից հետո Հորմուզի նեղուցում նավագնացությունն աշխուժացել է

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների կոորդինացիոն կենտրոնը (UKMTO) հայտնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Հորմուզի նեղուցում նավագնացությունն աշխուժացել է։

UKMTO-ի վերջին 72 ժամվա զեկույցի համաձայն՝ նեղուցով նավերի երթևեկությունը սկսել է վերականգնվել։ Գերատեսչությունը նաև նվազեցրել է ծովային անվտանգության սպառնալիքի մակարդակը՝ հասցնելով այն «չափավորի»։ Կենտրոնից նշել են, որ որոշակի չնչին ռիսկեր դեռ պահպանվում են, սակայն ջրային տարածքում դիտարկման ու մաքրման աշխատանքները շարունակվում են։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 17-ին։ Փաստաթղթով նախատեսվում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Ի սկզբանե նախատեսվում էր ստորագրման արարողությունն անցկացնել հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում, սակայն համաձայնագիրն ի վերջո ստորագրվել է հեռավար կարգով։

Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունների առաջին փուլը, որն անցկացվել է Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ Հանդիպման արդյունքներով կողմերը հայտնել են, որ երկխոսությունն ընթանում է կառուցողական մթնոլորտում, արձանագրվել է առաջընթաց, և հիմքեր են ստեղծվել հետագա տեխնիկական բանակցությունների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *