Թմրամիջոցների հիշատակումներ պարունակող գրքերի ցանկում ներառվել է նաև «Էշի կամուրջ» ժողովածուն, որտեղ զետեղված են բոլշևիկների առաջնորդ և խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի տեքստերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գիրքը կազմել է գրող Լև Դանիլկինը, ով ավելի վաղ հեղինակել էր խորհրդային առաջին առաջնորդի կենսագրությունը՝ «Լենին: Արևային փոշեհատիկների պանտոկրատորը» խորագրով, և այն բնութագրել որպես ստեղծագործություն «մի փիլիսոփայի մասին, ով բացարձակ իշխանության հասավ երկրագնդի զգալի տարածքում»:
«Էշի կամուրջը» Լենինի երկերի ժողովածուն է, որում ներառված են նաև «Լև Տոլստոյը որպես ռուսական հեղափոխության հայելի» հոդվածը, փիլիսոփա Կառլ Մարքսի համառոտ կենսագրական ակնարկը՝ մարքսիզմի հիմունքների շարադրանքով, ինչպես նաև իր գաղափարակից Ինեսա Արմանդին հղված նամակները: Գիրքը լույս է տեսել 2017 թվականին «Լիմբուս Պրես» հրատարակչությունում: Նույն հրատարակչությունը 2021 թվականին տպագրել էր նաև Վլադիմիր Մայակովսկու արձակ ստեղծագործությունների «Պատերազմ և լեզու» ժողովածուն, որն այժմ նույնպես հայտնվել է Ռուսաստանի գրքասերների միության (ՌԳՄ) կազմած ցուցակում։ Սա նշանակում է, որ երկու գրքերն էլ «թմրամիջոցների քարոզչության» մասին օրենքի պատճառով կստանան հատուկ մակնշում:
Ռուսաստանի գրքասերների միության (ՌԳՄ) ցուցակում են հայտնվել նաև Սալի Ռունիի «Սովորական մարդիկ» բեսթսելերը, Թերի Փրաթչեթի «Դիմակահանդեսը», ինչպես նաև Հովարդ Լավքրաֆտի «Գիշերային օվկիանոս. ընտիր արկածային և ռոմանտիկ արձակ» ժողովածուն:
Մարտի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք քրեական և վարչական պատասխանատվություն են նախատեսում այնպիսի գրական և արվեստի գործերի տարածման համար, որոնցում հիշատակվում են արգելված նյութեր:
Մինչ այս, թմրամիջոցների հիշատակման պատճառով պարտադիր մակնշման տակ էին հայտնվել նաև Միխայիլ Բուլգակովի և Վլադիմիր Վիսոցկու կենսագրականները, Վիկտոր Պելևինի, Սերգեյ Լուկյանենկոյի, Սթիվեն Քինգի, Չակ Պալանիկի և Հարուկի Մուրակամիի գրքերը, 1990 թվականի օգոստոսի 1-ից հետո հրատարակված դասական գրականության թարգմանությունները, ինչպես նաև մի շարք մանկական գրքեր, այդ թվում՝ Էդուարդ Ուսպենսկու «Կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան», Սերգեյ Միխալկովի «Երեք խոզուկները», Լազար Լագինի «Ծերունի Խոտաբիչը», Ալեքսանդր Վոլկովի «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» և այլն։