Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր՝ հունիսի 23–ին, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզպետի, դեպարտամենտի, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ։

Մարզպետի աշխատակազմից NEWS.am–ին հայտնում են, որ «Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրու համար և Վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը մեզ համար առաջնահերթություն է։ Յուրաքանչյուր փողոցի ընտրություն պետք է լինի հիմնավորված, աշխատանքների իրականացումն էլ՝ առանց թերացումների։ Անելիքներ շատ ունենք, պետք է աշխատենք անել հնարավորը տասնամյակներով կուտակված խնդիրներն արագ լուծելու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը տեղեկացրել է, որ Վարչապետի հանձնարականով 2026-ին նախատեսվում է Գյումրիում 15 կմ ճանապարհահատվածի նորոգում, 2027-ի ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու՝ կհիմնանորոգվի 25 կմ ճանապարհահատված։

«Մենք այժմ երկու խնդիր ունենք, նախ հստակեցնել ֆրեզավորմամբ նորոգվող ճանապարհահատվածները, այնուհետև քննարկենք և, ըստ առաջնահերթության, նախանշենք այն ճանապարհները, որոնք ամբողջապես կհիմնանորոգվեն 2027-ին, իսկ մինչ հաջորդ տարի, հիմնանորոգվելիք ճանապարհների կոմունիկացիաներն ամբողջապես պետք է վերականգնված լինեն, աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որ հիմնանորոգված փողոցներում ասֆալտապատումից հետո խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով բոլոր կառույցների տեղեկատվության ամբողջացումն ու համագործակցված աշխատանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *