Անոմալ շոգի պատճառով Եվրոպայում թանկացել է էլեկտրաէներգիան և խափանվել տրանսպորտի աշխատանքը

Եվրոպայում անոմալ տապ է, ինչի պատճառով եվրոպական շուկաներում էլեկտրաէներգիայի գները կտրուկ բարձրացել են՝ հասնելով ձմռան կեսին բնորոշ մակարդակի, ինչպես նաև նկատվում են տրանսպորտային խափանումներ։ Այս մասին գրում է «The Guardian»-ը։

Մինչ միլիոնավոր մարդիկ միացնում են օդորակիչները՝ շոգին դիմանալու համար, բարձր ճնշման գոտին՝ այսպես կոչված «ջերմային գմբեթը», որը պատել է Եվրոպայի մեծ մասը, հանգեցրել է քամու արագության նվազման և սահմանափակել վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրությունը։

Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը երկրում եղել է 1947 թվականի օդերևութաբանական դիտարկումների սկսվելուց ի վեր ամենաբարձր ջերմաստիճանը։ Ցերեկը Ֆրանսիայում ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի:

Բացի այդ, ստիպված են եղել չպլանավորված կերպով անջատել ֆրանսիական խոշոր ատոմակայաններից մեկը, քանի որ սահմանափակվել է ռեակտորների աշխատանքի համար անհրաժեշտ հովացման ջրի հասանելիությունը։ Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը նախատեսում է, որ ռեակտորը կանջատվի մինչև հաջորդ շաբաթ։

Թերթի տվյալներով՝ Եվրոպայի խոշորագույն էներգետիկ շուկա հանդիսացող Գերմանիայում, մեկ մեգավատտ/ժամի դիմաց էլեկտրաէներգիայի մեծածախ գները կհասնեն 545,51 եվրոյի (622,32 դոլար)։ Գների բարձրացումն արդեն անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վրա։

Լեհաստանը պատրաստվում է, որ Ֆրանսիայից ու Գերմանիայից դեպի արևելք շարժվող անոմալ տապի ալիքն իրենց կհասնի այս հանգստյան օրերին։ Սպասվում է, որ կիրակի օրը ջերմաստիճանը կհասնի գագաթնակետին՝ Վարշավայում հասնելով 37-38 աստիճանի, իսկ Ներքին Սիլեզիայի վոյեվոդությունում՝ մինչև 41 աստիճանի։ «Guardian»-ը գրում է, որ չի բացառվում, որ Լեհաստանում օդի ջերմաստիճանը գերազանցի 1921 թվականին գրանցված բացարձակ ազգային ռեկորդը (40,2 աստիճան):

Լեհաստանի կառավարական Քաղաքացիական անվտանգության կենտրոնը հանդես է եկել հորդորով՝ բնակչությանը կոչ անելով սահմանափակել բացօթյա տարածքներում գտնվելու ժամանակը, շատ ջուր խմել և արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելու ժամանակ ծածկել գլուխը։

Լոնդոնում տրանսպորտային համակարգը լուրջ խափանումներով է աշխատում, ինչը մասամբ պայմանավորված է եղանակային ծայրահեղ պայմաններով։ Մասնավորապես, դադարեցվել է «Հիթրոու» օդանավակայանի որոշ տերմինալների միջև հաղորդակցությունը։ Բացի այդ, շոգի պատճառով սահմանափակումներ են մտցվել մետրոպոլիտենի մի քանի գծերի աշխատանքում։

Իտալիայի իշխանությունները լրացուցիչ օրենսդրական միջոցներ են ձեռնարկել, որոնք թույլ են տալիս որոշ ձեռնարկությունների կրճատել կամ ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։ Աշխատանքի դադարեցման դեպքում ընկերությունները կկարողանան փոխհատուցում ստանալ հատուկ հիմնադրամից։ Իտալիայի մի շարք շրջաններում ջերմաստիճանը շարունակում է չափազանց բարձր մնալ․ անգամ գիշերային ժամերին այն անցնում է 27-29 աստիճանից։

Շոգից ամենաշատը տուժած իտալական շրջաններից է Էմիլիա-Ռոմանիան, որտեղ որոշ վայրերում օդի առավելագույն ջերմաստիճանը հասնում է 38 աստիճանի։ Նմանատիպ եղանակ է սպասվում նաև Տոսկանայում, Ումբրիայում և Լացիոյում։ Երկրի հարավում և ափամերձ շրջաններում շոգը մի փոքր մեղմանում է ծովային քամու շնորհիվ։

Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի օրը «կարմիր գոտում» (շոգի վտանգավորության ամենաբարձր մակարդակը) գտնվող քաղաքների թիվը կհասնի 16-ի։ Այդ քաղաքների թվում են Հռոմը, Միլանը, Ֆլորենցիան, Բոլոնիան, Թուրինը, Վերոնան, Պերուջան, Վենետիկը և Լատինան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *