Ընդդիմության հասունանալու ժամանակը – Հրապարակ

Իմ կարծիքով, այլեւս ավարտվել են ոչ միայն ընտրությունները, այլ նաեւ այն ժամանակը, երբ հնարավոր էր հետընտրական գործընթացներ գեներացնել: Հիմա արդեն ո՛չ ընտրությունների եւ ո՛չ էլ հետընտրական գործընթացներ գեներացնելու մասին խոսելու ժամանակը չէ: Հիմա եկել է դրանցից հետեւություններ անելու ժամանակը:

Սակայն, մինչեւ հետեւություններին հասնելը, ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ ձայնն «Ուժեղ Հայաստանին» եմ տվել: Ու դա չեմ արել, որովհետեւ Սամվել Կարապետյանից փող կամ կաշառք եմ ստացել, այլ արել եմ, որովհետեւ համոզված եմ, որ քո` իշխանության մնալը Հայաստանի համար ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան դրանց լուծման ճանապարհներ է գտնելու: Բայց, որովհետեւ այս հոդվածի ասելիքը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի կառուցած հայաստանների, այլ նրանց կառուցածից տարբեր Հայաստան կառուցելու մասին է, մենք հենց դրա համար էլ կկենտրոնանանք ոչ թե Նիկոլի, այլ ընդդիմության ասածների ու արածների վրա:

Նախ, եկեք արձանագրենք, որ, ի տարբերություն Նիկոլի, որն անմիջապես հասկացավ, որ այս ընտրություններն ու ընդդիմության կողմից հետընտրական գործընթացներ չգեներացնելն իր համար լինել-չլինելու խնդիր են, այս ընդդիմությունն այդպես էլ չհասկացավ, որ իր համար էլ ընտրություններն ու հետընտրական գործընթացներ գեներացնելն էր կենաց-մահու կռվի վերածվել: Ու որքան որ իր կողմից հետընտրական գործընթացներ չգեներացնելն էր Նիկոլի համար ճակատագրական նշանակության հարց դարձել, այդքան էլ իր համար հետընտրական գործընթացներ գեներացնելն էր լինել-չլինելու խնդրի վերածվել:

Եվ եթե ընդդիմությունն այս իմաստով շարունակի չհասկանալ, որ իր այսօրվա բոլոր խնդիրները ոչ թե սահմանադրական կարգը պահելու մասին քիչ խոսելուց, այլ հետընտրական գործընթացներ չգեներացնելուց են գալիս, շարունակի չհասկանալ, որ ավելի շատ սահմանադրական կարգից, քան ժողովրդի քվեն հեղափոխությամբ պահելուց խոսելով ինքը ոչ թե երկրին է ծառայություն մատուցում, այլ Նիկոլի ջրաղացին է ջուր լցնում, շարունակի չհասկանալ, որ փոփոխությունները կարեւորելու փոխարեն հեղափոխությունից հեռու մնալը կարեւորելով ինքը ոչ թե երկրի կայունությանն է նպաստում, այլ Նիկոլին է ավելի սանձարձակ դարձնում, նա հասարակության համար ինչպես եղել, այնպես էլ կշարունակի լինել որպես իր հարմարության համար պայքարող ընդդիմություն:

Իսկ եթե նա հասկանա, որ Հայաստանի խնդիրը ոչ թե Նիկոլի կրծքին փակցված քարտեզը, այլ Ադրբեջանի առաջ կապիտուլացված Նիկոլն է, եթե գիտակցի, որ իշխանափոխություն չանելն այլեւս հեղափոխություն անելուց ավելի վտանգավոր է դարձել, եթե իր հաշվարկներում ու գնահատականներում առաջնորդվի ոչ թե նրանով, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, այլ նրանով, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետեւ խաղաղությունն իրեն Հայաստանից ավելի շատ է պետք, ապա այդ դեպքում կարող ենք պնդել, որ մեր ընդդիմությունն արդեն առաջվա ընդդիմությունը չէ, որ նա այլեւս երկիր փոխող եւ, որն ամենակարեւորն է` երկիրը փոխելու համար նույնիսկ հեղափոխության պատասխանատվություն ստանձնող ընդդիմություն է դարձել:

Եվս մի հանգամանք, որին պետք է անդրադառնանք: Խոսքը Թուրքիայում վերջերս հնչած թուրանական միջանցքի մասին է: Թուրքիայի պարոնայք պետական գործիչներ, միշտ հիշեք եւ ականջներիդ օղ արեք` դուք կարող եք խաբել Նիկոլին, դուք կարող եք վախեցնել Նիկոլին, բայց հայ ժողովրդին խաբել կամ վախեցնել չեք կարող: Հայաստանը կարող էր հարմարվել ու հարմարվեց ԹՐԻՓՓ-ին, բայց նա թույլ չի տա, որ դուք մտածեք, թե Հայաստանը հիմա կամ երբեւէ կարող է կամ կհարմարվի Ձեր «Զանգեզուրի կամ Թուրանի միջանցքներին»: Այդքանը հասկանալը Ձեզ համար այնքան էլ դժվար չի լինի, եթե, իհարկե, կարողանաք ճիշտ հետեւություններ անել Հայաստանի ընտրություններում գրանցված արդյունքներից:

Իսկ այդ արդյունքները, պարոնայք թուրք-ադրբեջանական գործիչներ, ոչ թե Նիկոլի իշխանության ամրության, այլ Նիկոլին իշխանությունից հեռացնելու հնարավորության մասին են:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *