Դանիան կմասնակցի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերով ստեղվծած միջազգային ծովային առաքելությանը՝ Հորմուզի նեղուցի բացմանը նպաստելու համար։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Դանիայի կառավարության հայտարարությանը։
Դանիայի պաշտպանության նախարար Յեպպե Բրուուսը լրագրողներին հայտնել է, որ երկրի ներդրումը կներառի թարգմանիչների խումբ, անօդաչու հետախուզության միջոցներ, շտաբային սպաներ, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների ներգրավման հնարավորություն։ Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել զորակազմի թվաքանակի վերաբերյալ։
Ինչպես նշված է օրինագծում, որը ներկայացվել է Դանիայի խորհրդարան և, ինչպես սպասվում է, կընդունվի մինչև շաբաթվա վերջ, առաքելության նպատակն է «ամրապնդել ծովային անվտանգությունը և երաշխավորել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովի շրջանում»։
Kpler ծովային մոնիթորինգային ընկերության տվյալներով՝ երկուշաբթի նեղուցով անցել է հումքային ապրանքներով բեռնված առնվազն 37 նավ․ սա ռեկորդային ցուցանիշ է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի կնքումից գրեթե մեկ շաբաթ անց։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ մի շարք այլ երկրների հետ միասին, առաջարկել են ռազմավարական ծովային երթուղու ականազերծման և անվտանգության ապահովման միջազգային առաքելություն, որը պետք է տեղակայվի ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո։
Անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված հուշագիրը նախատեսում է նեղուցի բացում ազատ նավագնացության համար՝ առանց որևէ վճարի գանձման։