Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում

Հայաստանում ամպրոպը, կարկուտն ու զով եղանակը կպահպանվեն մինչև հունիսի 27-ը։ Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սև ծովից թափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Այն հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին, իսկ հունիսի 25-ին և 26-ին դրա ազդեցությունը կտարածվի հիմնականում Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջանների վրա»,- պարզաբանել է Սուրենյանը։

Նա նշել է, որ հունիսի 24-ից 27-ը, հատկապես կեսօրից հետո, երեկոյան և գիշերային ժամերին, հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Օդերևութաբանը նաև հայտնել է, որ սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատ կնվազի 4-5 աստիճանով։ Երկրի ամենատաք շրջաններում, այդ թվում՝ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30 աստիճանը։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հունիսի 28-ից ցիկլոնը կթուլանա, տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ հունիսի 28-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *