Էրդողանն Իսրայելի ղեկավարությանն «մոլեռանդ արմատականների խումբ» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հանդես է եկել Իսրայելի հասցեին հնչեցրած սուր քննադատությամբ՝ հայտարարելով, որ այդ երկիրը փորձում է տապալել Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման ցանկացած հեռանկար և խոչընդոտում է ձեռք բերված դիվանագիտական պայմանավորվածությունների իրականացմանը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Էրդողանի գնահտմամբ՝ տարածաշրջանն ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենավտանգավոր ճգնաժամերից մեկը, իսկ իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերը մեծապես հնարավոր են դարձել դիվանագիտության և թուրքական պետական ինստիտուտների աշխատանքի շնորհիվ։ Նա ընդգծել է, որ Անկարան լարվածության նվազեցման համար օգտագործել է ինչպես պաշտոնական բանակցային խողովակները, այնպես էլ պակաս հրապարակային դիվանագիտական մեխանիզմները։

Թուրք առաջնորդը հատկապես կոշտ է արտահայտվել Իսրայելի ղեկավարության հասցեին՝ նրանց անվանելով «մոլեռանդ արմատականների խումբ»։

«Մենք գիտենք, որ Իսրայելն ունակ չէ հանդուրժել նույնիսկ խաղաղության ամենաչնչին հնարավորությունը»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա բնորոշմամբ՝ Իսրայելի ներկա քաղաքականությունը ցույց է տալիս ոչ թե պետական մոտեցում, այլ քաղաքական կուրսի արմատականացում, որի դեպքում լարվածության թուլացման նույնիսկ նվազագույն նախաձեռնությունները մերժվում կամ սաբոտաժի են ենթարկվում։

«Եթե խաղաղությունը գա մեր տարածաշրջան, կգա ի հեճուկս Իսրայելի։ Եթե տարածաշրջանում հանդարտություն հաստատվի, դա տեղի կունենա ի հեճուկս Իսրայելի ինտրիգների»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտարարել է, որ վերջին օրերին իսրայելական իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ ուղղված նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանը։ Նա պնդում է, որ այս քաղաքականության հիմքում ընկած է տարածաշրջանային անկայունությունը սեփական անվտանգության գործիք դիտարկելու ձգտումը, ինչը, ըստ նրա, խորացնում է ճգնաժամը։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Անկարան կշարունակի աջակցել իրանական ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին և կնպաստի ցանկացած նախաձեռնության, որը կօգնի նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *