
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ շատերը բորենիների նման «երախները» բացել ու հրճվում են այս կամ այն մարդուն ունեզրկելու գաղափարից, պետք է հստակ հասկանալ, որ դրանից ո՛չ ոք ավելի երջանիկ, ավելի բարեկեցիկ կամ ավելի լավ չի ապրելու։ Փոխարենը փակվելու են աշխատատեղեր, փոխարենը պակասելու են պետությանը վճարվող զգալի հարկեր, ու որ ամենակարևորն է` սա նախադեպ է մարդուն իր քաղաքական հայացքների կամ ցանկացած այլ դրդապատճառով ունեզրկելու, սեփականություն խլելու։
Իսկ դա փոխադարձ կապ է ստեղծում նաև ապագայի մեջ։ Վաղն էլ գուցե ինչ-որ իշխանություն որոշի, որ հենց ձե՛ր` հրճվողներիդ ունեցվածքը պետք է խլի…
Բայց սա մի կողմ։ Այսքանից հետո այդ ո՞ր սփյուռքահայը կամ արտաքին անհատ ներդրողն է ցանկանալու Հայաստանում թեկուզ 1 լումայի ներդրում կատարել, եթե Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված չէ և իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ուղղակի բռնել ու ունեզրկել։
Ես Հայաստանից դուրս բնակվող շատ ընկերներ ունեմ, ովքեր հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարել։ Մի քանի տարի առաջ, երբ հաջողվեց նրանցից մեկին համոզել Հայաստանում ինչ-որ ներդրում կատարել, ցավոք` այս տարի վաճառեցին ու հեռացան Հայաստանից ներկա մթնոլորտի պատճառով։
Այս ամենից Հայաստանի ժողովուրդն ավելի լավ չի ապրելու, այլ հակառակը` զրկվելու է հնարավորություններից, որոնց շահառուն առաջին հերթին աշխատավոր խավն է։
Ի՞նչ ասեմ, կյանքում որևէ բարիք չստեղծածներով շարունակեք քանդել ամեն ինչ, տեսնենք վերջում ինչ կմնա…»։