Հարավային Կորեայի դատախազությունը մահապատիժ է պահանջել Յուն Սոկ Յոլի համար․ Ռոյնհապ

Հարավային Կորեայի դատախազությունը վերաքննիչ դատարանում կրկին մահապատժի դատավճիռ է պահանջել երկրի նախկին ղեկավար Յուն Սոկ Յոլի համար, որը 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն է մտցրել և առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։

Հարավկորեական առաջին ատյանի դատարանը փետրվարի 19-ին նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 2024 թվականի դեկտեմբերին երկրում արտակարգ ռազմական դրություն մտցնելու և խռովություն ղեկավարելու մեղադրանքով։ Ընդ որում, դատախազությունն ի սկզբանե մահապատիժ էր պահանջել պետության նախկին ղեկավարի համար։

«Այսօր հատուկ դատախազ Չո Ըն Սոկի թիմը հայտարարել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ցմահ ազատազրկման դատավճիռը չափազանց մեղմ է, ուստի պահանջել է նրան դատապարտել մահապատժի»,- ասված է «Ռյոնհապի» հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ։

Գործակալության տեղեկություններով՝ հինգշաբթի Սեուլի բարձրագույն դատարանում տեղի է ունեցել Յուն Սոկ Յոլի և Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյոնի գործերով վերաքննիչ լսումը։ Վերջինս ավելի վաղ՝ փետրվարին, առաջին ատյանի դատարանի կողմից նույնպես դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման՝ խռովությանը մասնակցելու մեղադրանքով։ Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հարավկորեական դատախազությունը վերաքննիչ դատարանից կրկին պահանջել է ցմահ ազատազրկման դատավճիռ սահմանել նրա նկատմամբ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, ամբաստանյալների գործերի վերանայման առաջին վերաքննիչ լսումը տեղի էր ունեցել մայիսի 14-ին, սակայն հետագայում դատական գործընթացը կասեցվել էր այն պատճառով, որ մեղադրյալների կողմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը հաջորդիվ մերժվել էր դատարանի կողմից։

2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն է հայտարարել՝ զորքեր և ոստիկանություն մոբիլիզացնելով։ Նրանք շրջափակել են երկրի Ազգային ժողովի շենքը և թույլ չեն տվել օրենսդիրներին ներս մտնել։ Պատգամավորները քաղաքացիական բողոք են բարձրացրել, ճեղքել շրջափակումն ու հավաքվել արտահերթ լիագումար նիստի, որի ընթացքում՝ դրա մտցնելուց ընդամենը մի քանի ժամ անց, քվեարկել են ռազմական դրության չեղարկման օգտին։ Ի պատասխան՝ նախագահը համաձայնել է չեղարկել այն, ինչից հետո խորհրդարանը քվեարկել է նրան պաշտոնանկ անելու օգտին։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հարավային Կորեան ճանաչել է որպես գործնականում մահապատիժը չեղարկած երկիր։ 1998 թվականի փետրվարին Հարավային Կորեայի ութերորդ նախագահ Կիմ Դե Ջունը մորատորիում է մտցրել դրա իրականացման վրա։ Վերջին մահապատիժները տեղի են ունեցել 1997 թվականի դեկտեմբերին, հենց այդ ժամանակ էլ 23 մարդ է մահապատժի ենթարկվել (նրանցից յուրաքանչյուրը առնվազն երկու հոգի է սպանել)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *