Իսրայելական խոշորագույն El Al ավիաընկերությունը կդադարեցնի Թել Ավիվի և Մոսկվայի միջև չվերթները

Իսրայելական խոշորագույն El Al Israel Airlines ավիաընկերությունը առաջիկա օրերին կդադարեցնի Թել Ավիվի և Մոսկվայի միջև չվերթները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցած վերջին ավիացիոն միջադեպերի առնչությամբ, հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։

Ըստ նրա՝ ավիափոխադրողը նախատեսում է հաջորդ շաբաթ վերանայել իրավիճակը և որոշում ընդունել թռիչքների հնարավոր վերսկսման վերաբերյալ։

Ուղևորներին կառաջարկվեն թռիչքի այլընտրանքային տարբերակներ՝ գործող օրենսդրությանը համապատասխան։

Իր հերթին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի մամուլի ծառայությունից РБК-ին հայտնել են, որ ընկերությունը նախնական տվյալներով չեղարկել է հունիսի 25-ին, 28-ին և 29-ին դեպի Ռուսաստանի մայրաքաղաք նախատեսված երեք չվերթ։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ տոմսերի վաճառքը կարող է վերսկսվել հուլիսից ոչ շուտ։

Չնայած դրան, ասոցիացիան նշում է, որ թռիչքների ժամանակավոր դադարը չի անդրադառնա դեպի Իսրայել կազմակերպված զբոսաշրջության վրա, քանի որ այն «փաստացի գոյություն չունի»։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում մատնանշել են, որ անցյալ տարվա հունիսից տուրօպերատորներն ու տուրգործակալները զրկված են տվյալ ուղղությամբ տուրեր և այլ ծառայություններ վաճառելու իրավունքից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *