Լեհաստանի Վելիկոպոլսկոյե վոյեվոդության Բյալոսլիվե գմինայում (լեհական վարչական միավոր – խմբ․) տեղի է ունեցել երկու մարդատար գնացքների բախում, հաղորդում է Polsat News-ը։
Վթարի մասին հաղորդումը փրկարար ծառայություններին ստացվել է տեղական ժամանակով 18:00-ից քիչ անց:
Ըստ Պոզնանում Պետական հրշեջ ծառայության վոյեվոդության պարետատան ներկայացուցիչ Մարտին Հալաշի՝ բախվել են PKP Intercity հեռագնաց գնացքը և Polregio տարածաշրջանային գնացքը։ Պատահարի հետևանքով կազմերը մասնակիորեն դուրս են եկել ռելսերից։
Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ։ Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։
Ինչպես հայտնել են PKP Polskie Linie Kolejowe ընկերությունից, Բյալոսլիվե կայարանում բախվել են Polregio փոխադրողի գնացքը, որն ընթանում էր Պիլա- Բիդգոշչ երթուղով, և Intercity ընկերության գնացքը, որը կատարում էր Բելոգարդ- Վարշավա չվերթը։
Վթարի հետևանքների վերացման գործում ներգրավված են հրշեջ ծառայության բազմաթիվ ստորաբաժանումներ, ինչպես նաև երկաթուղու տեխնիկական ծառայությունները։ Իրականացվում է երկու գնացքներում գտնվող ուղևորների թվի հստակեցում։
Երկաթուղային ընկերության տվյալներով՝ բախման հետևանքով ռելսերից դուրս են եկել Intercity գնացքի երեք վագոն և Polregio կազմի մեկ վագոն։ Վնասվել է նաև երկաթուղային ենթակառուցվածքը, ներառյալ՝ սլաքային փոխադրիչները։
Գնացքների շարժը Պիլա-Բիդգոշչ գծով ժամանակավորապես դադարեցվել է։ Պատահարի պատճառները կպարզի հատուկ հանձնաժողովը։