Սահմանադրական դատարանի որոշումն է եղել իմ և Վլադիմիր Վարդանյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր որոշումն է եղել՝ չմասնակցել ՍԴ–ի՝ ընտրությունների արդյունքների վիճարկմանը վերաբերող նիստին։
Ճշտող հարցին՝ արդյոք ինքը համաձայն է ՍԴ–ի այդ որոշմանը և կարծում է, որ իր չմասնակցելը ճիշտ է, Զեյնալ;յանը միայն կրկնեց, որ դա ՍԴ–ի որոշումն է։
Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին, Զեյնալյանն ասաց. «Քննարկվել է Սեդա Սաֆարյանի անհնարինության հարցը և մերժվել է։ Իսկ ես հետևելու եմ նիստին, ուշ-ուշով»։
Նշենք, որ այսօր ՍԴ–ն քննարկելու է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։
Նշենք, որ այս նիստին չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, քանի որ ՍԴ–ն որոշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով ՍԴ դիմում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:
Սակայն ՍԴ–ից հայտնել են, որ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել:
ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: