«Կասկածի տակ չի՞ դրվում ՍԴ որոշումը», «նման հարց բարձրացվի, կարձագանքեմ»

ՍԴ դատավորների՝ այսօրվա ՍԴ նիստին մասնակցության անհնարինության հարցերը քննարկվել են աշխատակարգային միևնույն նիստում, և բոլոր երեք դատավորներն էլ մասնակցել են գործընկերների մասնակցության անհնարինության հարցում քվեարկությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ երկու դատավորներ չեն մասնակցելու ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկմանը վերաբերող գործի քննությանը։

«Ես ենթադրում եմ հարցը այսօր կդառնա քննարկման առարկա, այս պահին ձեռնպահ եմ մնում մանրամասնել ներկայացնելուց»,–ասաց նա։

Հարցին՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆրյանի մասնակցությունը այս գործի քննությանը անաչառ դիտորդի մոտ կասկածների տեղիք չի տա՞, նա պատասխանեց. «Այդ հարցին անդրադարձ կլինի»։

Նշենք, որ Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում քննարկում է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։ ՔՊ–ն ներգրավված է որպես երրորդ կողմ։

Նշենք, որ այս գործի քննությանը չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, քանի որ ՍԴ–ն որոշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով ՍԴ դիմում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:

Սակայն ՍԴ–ից հայտնել են, որ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել:

ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *