Բոլորիս հեռախոս, գրպան ու ընտանիք են մտնելու, բոլորիս են կանդալելու, միացե՛ք.Արթուր Խաչատրյան

Այսօր այս շենքում չի վճռվում միայն այս ընտրությունների հարցը, չի վճռվում այն հարցը, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա, խորհրդարանում քանի ձայն կունենա Նիկոլ Փաշինյանը և ինչ օրենքներ կարողանա ընդունել։ Այսօր այս շենքում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, հայերիս ճակատագիրը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մենք ի՞նչ երկիր ենք ուզում ունենանք, երկիր, որտեղ վերջիվերջո մենք կկարողանանք մեր ազգային նպատակները կերտել, ունենալ ազգային պետություն, թե երկիր, որի սահմանադրությունը գրվելու է Բաքվում, երկիր, որտեղ իշխանությունը պարտադրելու է բոլորին իրենց բջջային հեռախոսները գրանցել, որ կարողանան հասկանալ՝ ով ինչ խոսեց, ում հետ ինչ խոսեց, երբ ինչ խոսեց։ Երկիր, որտեղ ձեզ բոլորիդ թալանելու են։

Կարծում եք պատահակա՞ն էր, որ իրենք ակցիզային հարկը բարձրացրեցին, դա անմիջապես ազդելու է բոլորիս գրպանի վրա։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ ժողովուրդը տուգանքների մատերիալ չի, իր իշխանության օրոք բազմապատիկ անգամ ավելի շատ տուգանք է վճարել, հարկեր ու տուրքեր է վճարել։ Ինչի՞ վրա է գնացել այդ փողը, թող բացատրեն՝ այդ հարկերը որ հավաքում են, այդ արտաքին պարտքը որ շալակում են, մեզնից քանիսի՞ կյանքն է բարելավել։

Վերջիվերջո, մենք պետք է կարողանանք բռնել իրենց ձեռքը, պետք է ասենք՝ ոչ, Հայաստանը անկախ պետություն է, այլ ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի վիլայեթ։ Ադրբեջանցիք այնտեղից պարզ ասում են՝ 300 հազար հոգի մարդ գալու է, սրանք ասում են՝ այդպիսի բան չկա, ջայլամի նման գլուխները թաղել են ավազի մեջ։ Հետո երբ փաստեր ես դեմ տալիս, ասում են, ընդիմությունն է մեղավոր։ Բա որ  ընդիմությունն է մեղավոր, ընդիմությունն է հարց լուծում, դուք ինչի՞ համար եք որպես իշխանություն»,– հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Նա հայտարարեց, որ այս զանգը գուժում է բոլորի համար և չի կարելի անտարբեր մնալ. «Բոլորիս գրպանն են մտնելու, բոլորիս հեռախոսն են մտնելու, բոլորիս ընտանիքն են մտնելու, բոլորիս են կանդալելու, պարտադրելու, որ իրենց օրակարգը սպասարկենք։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, միացեք մեզ, միացեք և տեր կանգնեք ձեր քվեին, միացեք և տեր կանգնեք մեր բոլորիս հայրենիքին»։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։

Նշենք, որ այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *