Բարսելոնայում առաջարկել են գրեթե երեք անգամ բարձրացնել ծովագնացության նավերի ուղևորների զբոսաշրջային տուրքը

Բարսելոնայի իշխանություններն առաջարկում են գրեթե երեք անգամ ավելացնել ծովագնացության նավերի ուղևորների զբոսաշրջային տուրքը՝ զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքը կրճատելու նպատակով, հաղորդում է Euronews-ը։

Նախաձեռնությանն արդեն աջակցել են քաղաքային խորհրդի խմբակցությունները, սակայն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Կատալոնիայի խորհրդարանի հավանությունը։

Փոփոխությունների ընդունման դեպքում տուրքի չափը ներկայիս 11-ից կբարձրանա մինչև 30 եվրո՝ օրական այն ծովագնացության նավերի ուղևորների համար, որոնք քաղաքում գտնվում են 12 ժամից պակաս։ Այժմ այդ գումարի մեջ ներառված են 5 եվրոյի չափով համայնքային հավելավճարը և 6 եվրոյի չափով տարածաշրջանային զբոսաշրջային տուրքը։

Բարձրացված սակագինը տարածվելու է միայն այն ծովագնացության նավերի վրա, որոնք Բարսելոնայի նավահանգիստ են մտնում 12 ժամից պակաս ժամանակով։ Նախաձեռնության կողմնակիցների կարծիքով՝ նման զբոսաշրջիկները զգալի ծանրաբեռնվածություն են ստեղծում քաղաքային ենթակառուցվածքների համար, բայց միևնույն ժամանակ բերում են համեմատաբար փոքր տնտեսական օգուտ։

Ընդ որում, այն ծովագնացությունները, որոնք սկսվում կամ ավարտվում են Բարսելոնայում, չեն հայտնվի նոր կանոնների ազդեցության տակ։ Իշխանությունները համարում են, որ նման ճանապարհորդներն ավելի հաճախ են օգտվում հյուրանոցներից, տրանսպորտից և այլ ծառայություններից, ինչը քաղաքին ավելի մեծ եկամուտ է բերում։

Ճանապարհորդությունների և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը (WTTC) մտահոգություն է հայտնել այս նախաձեռնության կապակցությամբ։ Կազմակերպության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գլորիա Գևարան հայտարարել է, որ տուրքի բարձրացումը կարող է նվազեցնել Բարսելոնայի մրցունակությունը միջերկրածովյան այլ նավահանգիստների համեմատ և անկանխատեսելի հետևանքների հանգեցնել տեղական տնտեսության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *